Իշխանությունն արշավ է վարում քաղհասարակության դեմ

15-11-2017 19:08

Հայաստանի իշխանությունները կազմակերպված արշավ են սկսել քաղաքացիական հասարակության դեմ՝ ճնշելու հասարակական կազմակերպությունների օրինական գործունեությունը հանրապետությունում: Տևական ժամանակ ընթացող այս քաղաքականությունը հատկապես ակտիվացել է վերջին երեք ամիսներին: Քաղաքացիական հասարակության վարկաբեկմամբ զբաղված են թե՛ իշխանական պաշտոնյաներն ու պատգամավորները, թե՛ զանգվածային լրատվության որոշ միջոցներ: Քաղաքացիական հասարակության դեմքը «սևացնելու» համար իշխանությունը և որոշ ԶԼՄ-ներ կիրառում են տարբեր մանիպուլյացիաներ, փաստային աղավաղումներ, տարածում են ապատեղեկատվություն: Ակնհայտ է, որ այս պայքարի առաջամարտիկները իշխող կուսակցությունն ու Հայաստանում գործող ռուսական քարոզչության գործիքներն են: Հեռուստատեսային արշավը Քաղհասարակության դեմ արշավի՝ նոր թափով մեկնարկի համար հարմար առիթ հանդիսացավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի քննարկումը: Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում գործող «Արարատ» հեռուստաընկերությունը բարձրախոս դարձավ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» շարժման անդամների համար, ովքեր բազմաթիվ ոչ փաստական մեղադրանքներ ներկայացրին Հայաստանում գործող որոշ ՀԿ-ների: Հեռուստըանկերությունն այդ ՀԿ-ներին պատասխանելու հնարավորություն չտվեց՝ դառնալով մեկ կողմի քարոզչության տարածողը: Հենց այս ընթացքում էլ արդիական դարձավ հասարակական կազմակերպությունների նկատմամբ հսկողության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ քննարկումը: Իշխանությունն ընդդեմ քաղհասարակության Հանրապետականի մեկ այլ ակտիվությունը քաղհասարակության դեմ ձևավորված արշավում հասավ Ազգային ժողով: Նոյեմբերի 14-ին Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարեց արտասահմանյան ֆինանսավորում ստացող ՀԿ-ների փակման, ինչպես նաև դրանց կողմից դրամաշնորհների ստացման կարգի և ձևի սահմանափակման անհրաժեշտության մասին: Բաբուխանյանը կեղծ տեղեկություններ ներկայացրեց՝ մեղադրելով «Բաց հասարակության հիմնադրամներին» տարկետման իրավունքի վերացման դեմ ուսանողական ցույցերը ֆինանսավորելու մեջ: Մեղադրանք հնչեց նաև «Հանրային օրակարգ» ՀԿ-ի հասցեին՝ այդ ցույցերը կազմակերպելու և «հակապետական» գործունեություն ծավալելու կապակցությամբ: Պատգամավորը հայտարարեց նաև որոշ ՀԿ-ների փակման նախագիծ ստեղծելու իր մտադրության մասին: Քաղհասարակության դեմ ամիսներ առաջ սկսած արշավը փուլ առ փուլ տանում էր հենց նման քննարկման ստեղծմանը և ՀԿ-ների համար ճնշման մեխանիզմներ ստեղծելուն: Դեռ ավելի վաղ այդ արշավի մասնակիցները հայտարարում էին հասարակական կազմակերպությունների նկատմամբ վարած քաղաքականության խստացման իրենց ցանկության մասին: Համապատասխան մեխանիզմների ստեղծումն իհարկե իշխանությանը հնարավորություն կտա իր հսկողության տակ պահել ՀԿ-ների գործունեությունը: Ամենախոշոր «գրանտակերը» Թեև գործող իշխանությունն ամեն կերպ քարոզչություն է տանում, որով փորձ է արվում բացասական տրամադրություն ստեղծել հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության գործունեության վերաբերյալ, հակակրանք ստեղծել հասարակության մեջ՝ շրջանառելով «գրանտակեր» պիտակը, սակայն, փաստացի, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս տասնյակ նախարարությունների և գերատեսչությունների, ամենաշատ դրամաշնորհներ ստացող «կառույցն» է: Հայաստանի կառավարությունը 2008-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում գրեթե կես միլիարդ դոլարի գումարային աջակցություն է ստացել արտերկրից: Այդ գումարների մոտ 80 տոկոսը եղել են ԱՄՆ-ից և Եվրամիությունից: Դրամաշնորհներ ստացած գերատեսչությունների ցանկում են Արդարադատության նախարարությունը՝ 20 մլն ԱՄՆ դոլար, Բնապահպանության նախարարությունը՝ 40 մլն ԱՄՆ դոլար, Գյուղատնտեսության նախարարությունը՝ գրեթե 8 մլն ԱՄՆ դոլար: Անգամ Պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից ստացել է 36 մլն ԱՄՆ դոլարի, իսկ Ոստիկանությունը՝ 5,5 մլն ԱՄՆ դոլարի գույք: Դրամաշնորհներ ստացել են նաև ԱԻՆ-ը, Առողջապահության նախարարությունը, Մշակույթի նախարարությունը և այլ գերատեսչություններ: Ադրբեջանի ու Ռուսաստանի պես Քաղհասարակության դեմ պայքարում հայաստանյան իշխանության հետ սերտ համագործակցությամբ աշխատում է նաև ռուսական մեդիան: Արշավի մասնակիցներին հարթակ տրամադրող ամենաակտիվ լրատվամիջոցը ռուսական «Սպուտնիկ» գործակալությունն է: Այս թեմայով առաջին հրապարակումը «Սպուտնիկը» ևս արել է օգոստոսին՝ արշավի նոր թափ հավաքելու օրերին: Վերջին երեք ամիսների ընթացքում այս թեմայով ռուսական գործակալությունը մոտ 15 հրապարակում է արել ապակողմնորոշող այնպիսի վերնագրերով, ինչպիսիք են՝ «Այլասերումների և հեղաշրջումների հովանավոր․ ինչպե՞ս են Սորոսի շոշափուկները կապկպել Հայաստանը», կամ «Ո՞վ է պայքարում Հայաստանում նույնասեռական ամուսնությունների համար, կամ ինչ կապ ունի փոխնախարարը Սորոսի ֆոնդի հետ» և այլն: Հայաստանյան քաղհասարակության մասին քննարկումներն ավելի վաղ հասել էին նաև Ռուսաստանի «Առաջին ալիք», որտեղ ևս քննարկվել էր դրանց փակման անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը «Բաց հասարակության հիմնադրամների» գործունեությունը տասնյակ ՀԿ-ների շարքում ՌԴ տարածքում «անցակնալի» հայտարարեց 2015 թվականի նոյեմբերին: Այս քայլով ՌԴ-ն ավելի խորացրեց երկրում այդ պահին առկա մարդու իրավունքների պաշտպանության և ազատությունների բնագավառում ճգնաժամը՝ լուրջ քննադատության արժանանալով միջազգային հանրության կողմից: Քաղհասարակության նկատմամբ ճնշումները բնորոշ են նաև Ալիևի բռնատիրական ռեժիմին Ադրբեջանում: Ալիևի վարչակազմը ևս արգելել է արտասհամանյան ֆիանասվորում ստացող բազմաթիվ ՀԿ-ների գործունեությունը երկրում: Այժմ Հայաստանը փորձում է որդեգրել մարդու իրավունքների ոտնահարմամբ համաշխարհային համբավ ունեցող այս երկու բռնատիրությունների որդեգրած ուղին: Իսկ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը «հայկական լոբբիի» հետ միասին կանգնած է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հետաքննությունների հետևում: Արեն Մելիքյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

1in.am
15-11-2017 19:08