«Առկա են բազմաթիվ փաստեր, որ ապացուցում են՝ լրագրողին դիտավորյալ վիրավորանք է հասցվել»

15-11-2017 20:51

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գայանե Մազմանյանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական նիստ՝ «Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի» գործով: Տեսանյութերի հետազոտումից հետո հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց՝ տեսանյութերը հաստատում են, որ պաշտոնյան վիրավորում է լրագրողին: Ընդ որում՝ Սիրանույշ Պապյանն ասում է «Բարեփոխումները չենք տեսնում»: Ոստիկանապետի պատասխանը հաջորդում է ո՛չ այս խոսքին: Լրագրողը շարունակում է. «Խոսքից այն կողմ գործ չենք տեսնում»: Դրանից հետո ոստիկանապետը, որ այդ ընթացքում տեղաշարժվել էր, լրագրողին ասում է. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»: Այսինքն՝ անձը դիտավորություն է ունեցել լրագրողին վիրավորելու և վիրավորել է: Ոստիկանապետի խոսքի տոնի, խոսքին նախորդող արտահայտությունների վերլուծությունից պարզ է դառնում, որ հասունանում է պահը՝ վիրավորանք հասցնելու, և պաշտոնյայի կողմից հնչեցվում է վիրավորանքը, և տեսանյութերով հաստատվում է ոչ միայն վիրավորելու փաստը, այլև՝ վիրավորելու դիտավորությունը:

1in.am
15-11-2017 20:51