Առողջապահության նախարարը Մոսկվայում կմասնակցի նախարարական առաջին գլոբալ համաժողովին

15-11-2017 21:48

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության “Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում” խորագրով նախարարական առաջին գլոբալ համաժողովին, հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Համաժողովի նպատակն է արագացնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև մինչև 2030 թվականը տուբերկուլոզի գլոբալ համաճարակը կանխելու նպատակով ԱՀԿ` տուբերկուլոզի դեմ պայքարի ռազմավարության ներդրման գործընթացները: Նախարարական այս համաժողովին կմասնակցեն ԱՀԿ անդամ-երկրների առողջապահության, ինչպես նաև ֆինանսների, սոցիալական ապահովության, արդարադատության նախարարներ, պատվիրակություններ, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ իրականացվող ազգային ծրագրի արդյունքում Հայաստանում 2016 թվականին արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների բարելավում: 100 հազար բնակչի հաշվով հիվանդացությունը կազմել է 27.4` 2012 թվականի 37.1-ի փոխարեն, իսկ մահացության ցուցանիշը հասցվել է 1.6-ի (2006-ին այն կազմել է 5.1): 2012-2016 թվականների ընթացքում արձանագրվել է նաև տուբերկուլոզի առավել վտանգ ներկայացնող դեղակայուն ձևերի հիվանդացության անկում. 2012 թվականին գրանցված 3.3 ցուցանիշը 2016-ին կազմել է 2.0:

1in.am
15-11-2017 21:48