1 միլիարդի ներդրումը խաղից դուրս վիճակում գոլ էր. Կարախանյան

15-11-2017 22:30

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը (Ռուսաստան, Մոսկվա): -«Տաշիր» ընկերությունների խումբն ու Ներդրողների ակումբը օրերս հայտարարեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում 1 միլիարդ դոլար ներդրում կատարելու մասին: Ի՞նչ քաղաքական նշանակություն ունի այս ներդրումը, ըստ Ձեզ: Ըստ էության՝ սա կոնկրետ անձի՝ Սամվել Կարապետյանի ներդրումն է: -Նախ և առաջ կուզեի նշել, որ ժողովրդի սպասումների ու հույսերի հետ այդ մեկ միլիարդը որևէ առնչություն չունի: Նույն Ռուսաստանի պրոֆեսիոնալ շրջանակները սա լուրջ ներդրում չեն համարում, բիզնես լեզվով ասած՝ դա պարզապես շահավետ ձեռքբերում է: Այսինքն՝ բիզնես գործունեության ամրապնդում է, ներդրում դա դժվար է համարել: Կարծում եմ՝ այդ ներդրումը նույնիսկ պարտավոր էին անել, որովհետև օբյեկտները գնել էին ու պարտավոր էին դրանք վերազինել: Մյուս կողմից սա ուղղակի PR է՝ տղաներն ասացին 1 միլիարդ, տղաները տվեցին 1 միլիարդ, բայց դա լուրջ չէ: Առևտրի կենտրոն են բացում ու հայտարարում՝ ներդրում ենք արել, բայց դա ի՞նչ կապ ունի ժողովրդի հետաքրքրությունների հետ: Ներդրումներ պետք է լինեն առաջադեմ տեխնոլոգիաների մեջ, հստակ ծրագրերի ներդրում, աշխատատեղերի ստեղծում՝ ամենաքիչը 10-50 հազար աշխատատեղ: Հարցն այն է, որ այս իրավիճակում մեր իշխանությունը, ուժային կառույցը, քրեաօլիգարխիկ համակարգը ամեն ինչ անում են իշխանության երկարաձգման ու պահպանման համար, բայց ես հարց եմ տալիս՝ ժողովրդին դրանից ի՞նչ: Չկարողացան նույնիսկ այդ մեկ միլիարդն այնպես անել, որ ներդրում լինի իսկապես, ոչ թե ինչ-որ մեկը գա առևտուր անի ու ասեն՝ ներդրում է: Սա Ռուսաստանի քաղաքական և բիզնես շրջանակների կողմից նույնիսկ չնկատվեց: -Ամեն դեպքում՝ 1 միլիարդ դոլարը փոքր երկրի համար քիչ գումար չէ, ու կարծում եք՝ սա առանց ՌԴ իշխանությունների գիտությա՞ն կարվեր: -Երբ ինչ-որ մեկը բիզնես է անում, ինչ-որ օբյեկտներ առնում՝ դրանք նաև պետք է աշխատեցնի ու սա ես միայն այդ կոնտեքստում եմ դիտարկում: Մյուս կողմից էլ, իհարկե, պարզապես PR է: Նույն ձևով, երբ մարդը գնում է խանութ հաց առնում՝ ներդրում է անում արդյունաբերության մեջ: Բայց իրական ներդրումները պետք է առաջադեմ տեխնոլոգիաների մեջ լինեն: Հայաստանը կանգնած է աղքատության, ժողովրդագրական աղետի առջև: Էլ չգիտեն՝ ինչ օրենք հնարեն, որ բոլորին տանեն բանակ, որովհետև թիվն ահռելի ձևով՝ 40 տոկոսով կրճատվել է: Զբաղված են ամպագորգոռ, դեմագոգիկ հայտարարություններով՝ ուզում էին իրական ներդրում օգուտ՝ թող բանակին օգնեին: -Բայց, օրինակ, Սամվել Կարապետյանը ինչո՞ւ պետք է առաջադեմ տեխնոլոգիաների մեջ ներդրում աներ, նրա ներդրումները միշտ էլ այն ոլորտներում են եղել, որտեղից փող է գալիս: -Հասկանում եմ, և ես էլ հենց դա եմ նշում: Խնդիրը պետք է ռեալ ծրագրերը լինեին, ոչ թե առևտուրը: Սա չի լուծում սկզբունքային աշխատատեղերի հարց, դեմոգրաֆիկ այդ փոսից դուրս գալու, արտագաղթի վերացման հարց: Հարցը Սամվել Կարապետյանը չէ՝ նա իր բիզնեսն ունի ու այդ ուղղությամբ էլ շարժվում է՝ իր տեսակետից ճիշտ է անում, լավ է անում: Բայց մենք չպետք է սա համարենք երկրի զարգացման մեջ արված ներդրում: Իշխանությունները փողով ամեն ինչ առել են, ստեղծել են ընտրակեղծիքների մեծ համակարգ, ոչնչացրել ընտրություն կոչվածը՝ փողով ու թաղի խուժաններով: Հենց հերթը հասնում է նրան, որ անհրաժեշտ է քաղաքական կամք ու ծրագրային մոտեցումներ՝ չեն կարող, որովհետև խնդիր է լինում պահել իշխանությունը: Իրենք եթե զարգացնեն առաջադեմ տեխնոլոգիաները՝ առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդկանց պետք է ներգրավեն, իսկ իրենք պատրա՞ստ են դրան: Իրենք փակ շրջանակների մարդկանց հետ են աշխատում, որ կոմֆորտ լինի ու իրենց իշխանությանը ոչինչ չսպառնա: Այն, ինչ իրենք են անում՝ ոչ ժողովրդագրական խնդիրների, ոչ բանակի խնդիրների հետ կապ չունի, աղքատության խնդիրը սրանով չի լուծվում՝ այդ պատճառով էլ այդ մասին լուրջ խոսել պետք չէ: Մեր շատ սիրելի գծային և ոչ գծային ֆունկցիոնալ մտածողության վարչապետը ասել էր՝ պետք է խոսքին տեր կանգներ: Պետք է ցույց տային, որ գոլ են խփել: Կապ չունի՝ ում դարպասն են խփել․ասել էին՝ գոլեր էին խփելու, խփեցին ու կապ չունի, որ խաղից դուրս իրավիճակում: Հիմա Արգենտինան էլ Ռուսաստանին գոլ խփեց խաղից դուրս վիճակում՝ հաշվեցին: Եթե դա հաշվում են, ինչո՞ւ պետք է Սամվել Կարապետյանի խփած գոլը չհաշվեին: -Բայց սա ավելի շատ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի խփած գոլն էր: Սկզբում այդ ակումբով բավականին ոգևորված էր վարչապետը: -Դա համակարգի գոլն էր ժողովրդի դարպասում: Պարզապես քրեաօլիգարխիկ համակարգը գոլ խփեց ժողովրդի դարպասում: Շատ ունիվերսալ կերպով հարմարեցրեցին իրենց, իսկ էությունը զուտ բիզնես է ու PR: Ժողովրդին ասում են՝ գնացեք աղքատության մեջ ապրեք, եթե հնարավորություն ունեք՝ արտագաղթեք: Իսկ սահմանին ոնց կրակել են, այդպես էլ շարունակելու են կրակել: -Տպավորություն է, որ սա ավելի շատ Սերժ Սարգսյանի իշխանության համար է արվում, քան վարչապետի: Օրերս «ՌԻԱ Նովոստի» կայքին հենց Սարգսյանն էր ասել, որ առաջիկայում այդպիսի ներդրում է լինելու, դրա ազդարարման միջոցառման ժամանակ էլ Կարեն Կարապետյանը ներկա չէր: –Մի բան հազիվ գտել, թքել-կպրցրել, մոգոնել են, ու իրենց PR-ով են զբաղվում: Պարզ է, որ քրեաօլիգարխիկ համակարգի գլխավորը պետք է ասեր՝ այստեղ ուրիշ բան չկա: Չնայած շատ վտանագվոր է, որովհետև նա 2008-ից սկսած՝ ինչ ասել է, չի եղել: Ինչ խոսեց, ինչով զբաղվեց՝ ամբողջը տապալվեց: Արտաքին ուժերի հետ մի կերպ յոլա են գնում, կրճատված համակարգը մի կերպ պահում են, որ ճանկռելով վերարտադրվեն: Բայց դե նույնիսկ սրա վերջն է եկել ու, ցավոք սրտի, Հայաստանի պետականության շահերի հաշվին: Իրենք շատ հաջողված մենեջեր դուրս եկան, բայց միայն սեփական բիզնեսների տեսակետից: -Ռուբեն Վարդանյանը ներդրում է անում գիտական, կրթական հաստատություններում, Արա Աբրահամյանը՝ հիմնականում «Եվրասիական տնտեսական միության» ֆորումներով է հետաքրքված, Սամվել Կարապետյանը՝ առևտուր, էներգետիկա: Դուք ընդհանրապես վտանգավոր չե՞ք համարում, որ փոքր երկիրը կախված է ռուսաստանահայ օլիգարխներից՝ ամենատարբեր ոլորտներում: -Իրականում այդ կախվածությունը չի նկատվում, որովհետև այդ ամենը միայն դատարկախոսություն է: Եթե ռեալ այդպես լիներ՝ ուրիշ բան: Եթե ձեր նշածով լիներ, ուրեմն կրթական համակարգում ճեղքումնային առաջընթաց պետք է լիներ, Եվրասիական միությունում պետք է առաջատար լինեինք՝ սաղին ուտեինք, էներգետիկայի մասին էլ չեմ խոսում: Բայց քրեաօլիգարխիկ համակարգում դա հնարավոր չէ, այդ համակարգում կան կանոններ, ուզում ես՝ Սթիվ Ջոբսին վերակենդանացրու բեր Հայաստան՝ ոչինչ չի լինի ու վատ կլինի: Ռուսներն այդ ամենը միայն դատարկախոսություն են համարում, այդ մարդկանց նկատմամբ թեկուզ եթե համակրանք ունես՝ նայում ու ափսոսանք ես ապրում, որովհետև ռեալ ոչ մի արդյունք չկա: Հայաստանն այսօր իր ինքնուրույնությունն ամբողջությամբ կորցրել է, ասում են՝ գնացեք այստեղ սա խոսացեք, վազելով գնում են, գնացեք այնտեղ՝ նորից վազում են, «գյադեք այս կողմ, գյադեք այն կողմ» վիճակ է:  

1in.am
15-11-2017 22:30