Ինչո՞ւ չի խաղում Յուրա Մովսիսյանը. Հայ հարձակվողի ճակատագիրն ավելի շատ հուզում է ռուսներին…

16-11-2017 13:30

Տևական ժամանակ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը տեղ չի գտնում «Ռեալ Սոլթ Լեյքի» մեկնարկային կազմում: Մասնավորապես, հուլիսից մինչև այսօր հայ ֆուտբոլիստն ընդամենը մեկ անգամ է հայտնվել ամերիկյան թիմի հիմնական կազմում: Մինչդեռ նախորդ մրցաշրջանում Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում մասնակցելով 28 հանդիպման՝ դարձել էր 7 գոլի հեղինակ: «Այս իրավիճակում չեմ պատրաստվում նստել պահեստայինների նստարանին: Վստահաբար կարող եմ ասել, որ դա տեղի չի ունենա: Իմ ներկայացուցիչները տվյալ իրավիճակը կքննարկեն ակումբի ղեկավարության հետ: Ես ունեմ առաջարկներ այլ թիմերից»,- վերջերս հայտարարել էր Յուրա Մովսիսյանը: Նախորդ մրցաշրջանում խոսվում էր, որ Մովսիսյանը կարող է դառնալ իր թիմի առաջատարը: Կարճ ժամանակահատվածում մեր ֆուտբոլիստը դարձել էր երկրպագուների սիրելի խաղացողներից մեկը: Անցյալ տարի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստները տարբեր առիթներով անդրադառնում էին հայկական ֆուտբոլի անցուդարձին: Մասնավորապես, հարցազրույցներից մեկում Մովսիսյանը հայտարարել էր, որ շատ է կարոտում Հայաստանի ազգային հավաքականը: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո երկրպագուները սպասում էին փոփոխությունների: Շատերը հույսեր էին փայփայում, որ փոփոխությունների արդյունքում Մովսիսյանը նորից կվերադառնա Հայաստանի ազգային հավաքական, որը բարձրակարգ հարձակվողի կարիք շատ ունի: Հայկական ֆուտբոլի տեղի ունեցած վերջին զարգացումները, սակայն, խոսում են այն մասին, որ մոտ ժամանակներս Մովսիսյանին կրկին չենք տեսնի Հայաստանի ազգային հավաքականում, որը ըստ էության վերջնականապես խորտակվել է: Ինչևէ, կարող է տարօրինակ հնչել բայց այսօր Յուրա Մովսիսյանի ճակատագրով ավելի շատ հետաքրքրված են Ռուսաստանում, քան մեր երկրում: Չի բացառվում, որ առաջիկա ձմռանը Մովսիսյանը վերադառնա Ռուսաստան: Հայտնի թաթար մասնագետ Կազանի «Ռուբինի» նախկին գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովն անդրադառնալով ռուսական ֆուտբոլում տիրող վիճակին՝ հայտարարել է, որ այսօր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Մովսիսյանի պես հարձակվող չկա, և որ առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է ետ բերել հայ տաղանդին: «Այսօր «Սպարտակում» կարծես վատ չի խաղում Պրոմեսը: Բայց միևնույն է՝ նա խաղամակարդակով շատ հեռու է Յուրա Մովսիսյանից: Այս ֆուտբոլիստը միայնակ առաջ էր տանում մոսկովյան թիմին: Մովսիսյանն իրական առաջատար է՝ մարտիկ, որը բարձրացնում է խաղացողների մարտական ոգին: Միացյալ Նահանգներում Յուրայի խաղը չի ստացվում: Իմ տեղեկություններով՝ դեռևս ամռանը Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել ռուսական մի քանի ակումբներ: Հիմա հայ հարձակվողը խնդիրներ ունի «Ռեալ Սոլթ Լեյքում» և, կարծում եմ, մեծ հաճույքով կվերադառնա Ռուսաստան: Նա մեծ օգուտ կտա Պրեմիեր լիգային: Ինչու չէ, Յուրան կարող է ուժեղացնել նաև «Ռուբինի» հարձակման գիծը: Հույս ունեմ, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածում անպայման կտեսնենք Յուրա Մովսիսյանին»,- ասել է Բիլյալետդինովը: Նշենք, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Մովսիսյանը շարունակում է մնալ ռուսական մարզական կայքերի ուշադրության կենտրոնում: Բազմաթիվ ռուս մեկնաբաններ ափսոսանք են հայտնում, որ տաղանդավոր հարձակվողը կորցրել է իր տեղը «Ռեալ Սոլթ Լեյքի» մեկնարկային կազմում: Թե իրականում որն է Յուրա Մովսիսյանի խաղից դուրս հայտնվելու պատճառը՝ դժվար է ասել: Որոշ աղբյուրների համաձայն՝ Մովսիսյանը այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ «Ռեալ Սոլթ Լեյքի» ղեկավարության հետ: Մեր ֆուտբոլիստի վերջին հայտարարությունն էլ խոսում է այն մասին, որ Մովսիսյանը պատրաստ է հեռանալ «Ռեալ Սոլթ Լեյքից»: Ավելին, Մովսիսյանը շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչը առանց հիմնավոր պատճառների է նրան զրկել հիմնական կազմում խաղալու հնարավորությունից: Հիշեցնենք, որ դեռևս ամռանը Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև եվրոպական մի քանի ակումբներ: Մասնավորապես, տեղեկություններ եղան, որ Պրահայի «Սլավիան» ցանկանում է վարձակալել հայ հարձակվողին: Ընդ որում, նշվում է արդեն, որ Մովսիսյանի աշխատավարձի կեսը պետք է վճարի հենց չեխական ակումբը: Ու թեև խոսվում էր, որ կողմերի բանակցությունները դրական ընթացք ունեն, վերջին պահին տեղափոխությունն այդպես էլ չկայացավ:

1in.am
16-11-2017 13:30