Լավրովը ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ շրջանակից առանձին չի գործում. Շավարշ Քոչարյան

16-11-2017 13:52

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պնդում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբից առանձին չի գործում: Կառավարության նիստից հետո լրագրողները Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ռուսաստանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցի ընթացքում իր հետ բերելու է ինչ-որ առաջարկություններ: «Անընդհատ դրա մասին խոսվում է: Ռուսաստանի ԱԳ նախարարն առանձին չի գործում, նա գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի շրջանակում, այդ տեսակետից՝ մի փոքր տարօրինակ է, երբ փորձում են անընդհատ առանձնացնել, առավել ևս, որ անձամբ Լավրովը դա (առանձին գործելը-հեղ.) մի քանի անգամ հրապարակային հերքել է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Քոչարյանն ասաց, որ Լավրովի այցը կապված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ՝ միաժամանակ ավելացնելով, որ արտգործնախարարն ազատ է նմանատիպ հանդիպումների ժամանակ քննարկելու ցանկացած հարց, առավել ևս նման կարևոր թեմա: Լավրովի այցը Հայաստան նախատեսված է նոյեմբերի վերջին տասնօրյակում:

1in.am
16-11-2017 13:52