Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցության զարգացման մեծ ներուժ կա. Արա Բաբլոյան

16-11-2017 17:21

Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա տարբեր ուղղություններով: Ազգային ժողովում Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլլի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա  հոբելյանի տարում: Հուսով եմ՝ այն ծանրակշիռ ներդրում կլինի մեր երկրների միջխորհրդարանական, միջպետական հարաբերությունների առավել խորացման և զարգացման գործում՝ հիմք դնելով ավելի սերտ փոխհարաբերությունների: Ամփոփելով հադիպումը՝  կցանկանայի նշել, որ այն բավականին արդյունավետ էր, և վստահ եմ, որ ապագայում իր տեսանելի արդյունքները կունենա: Մենք մեր գործընկերների հետ կարեւորում ենք մեր երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափերով միջազգային կազմակերպությունների շրջանակում: Այս ուղղությամբ մեր խորհրդարաններն առավել ակտիվ ջանքեր կգործադրեն»,- ասաց ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ համագործակցության լավ ասպարեզ է ստեղծված թե՛ տնտեսական, թե՛ գիտակրթական, և թե՛ մշակութային բնագավառներում: «Վստահ եմ՝ այս այցն առաջիկայում նոր շունչ կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերություններին»,-եզրափակեց նա:

1in.am
16-11-2017 17:21