Հո ղզիկ չեմ, որ չգնամ ծառայեմ. Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 21 տարեկան

16-11-2017 18:00

Այսօր Արցախի հերոս, 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանը կդառնար 21 տարեկան: Հարազատներ, մտերիմներ, հարևաններ, քաղաքացիներ, ուսանողներ Եռաբլուրում էին, ներկա չէր որևէ պաշտոնյա: Հարևանուհին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը սպասելի էր. «Բոլորս սպասում էինք, որ Ռոբերտը դա կաներ, նա իրոք կկանգներ հայրենիքի համար: Փոքր երեխա էր՝ կարծես կայացած տղամարդ լիներ»,- ասաց հարևանուհին: Նա մի դրվագ հիշեց. «Ռոբերտը ընտրությունների ժամանակ գեղեցիկ հագնվել է, փողկապը կապել, և երբ մայրը հարցրել է, թե ուր ես գնում, ասել է ՝ ընտրությունների: Այսինքն՝ նա դեռ փոքրուց արդեն կայացած և դաստիարակված էր հայրենասիրական ոգով»: Ռոբերտը սիրում էր իր մականունը՝ Կյաժ… նրան մոնումենտցի Կյաժ էին կանչում, ամեն տեղ սիրում էր հարցեր կարգավորել, ուզում էր ամեն տեղ արդարությունը հաղթեր: Հարևանուհին պատմեց, որ սիրում էր իր ծննդյան օրը, պայծառ արև էր. «Հայրը նրա համար հեղինակություն էր, և փորձում էր ամեն ինչով նմանվել հորը»: Ռոբերտի մայրը լուռ հեկեկում էր: Չուզեց խոսել: Մի դրվագ հիշեց. «Մի քանի օր առաջ դրել էի Ռոբերտի 18-ամյակի վիդեոն: Հայրը չէր հասցրել գալ Ռուսաստանից, ասացի՝ ոչինչ, շատ անտրամադիր էր, ասացի՝ ոչինչ, բանակ տանելուց այստեղ կլինի: Մեկ էլ նայում եմ՝ «Արարատը մեր լեռն է, մեր լեռն է» երգի տակ ոնց է պարում, ոնց է պարում»: Այսօր շատ էին նաև ուսանողները, ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին Ռոբերտի հերոսություններից էին լսել. «Իր հերոսության մասին Ապրիլյան պատերազմից հետո եմ լսել: Իրեն չեմ ճանաչել, բայց նա իմ ախպերն է, ինձ հետաքրքրում էր իր կյանքը: Ես սկսեցի ուսումնասիրել իր կյանքը, հասկացա, որ նրա նման մարդիկ ոչ միայն մեր երկրում, այլ աշխարհում քիչ են: Նա հերոս է, նրան սերուդները միշտ կհիշեն»,- ասաց ուսանողներից մեկը: Ռոբերտն ասում էր՝ ով չի ծառայել, ուրեմն՝ տան կնիկ է, ես հո ղզիկ չեմ, որ չգնամ ծառայեմ: Ուսանողի մեջ այս խոսքերը տպավորվել են. «Ամեն իրեն հարգող տղա պետք է ծառայի՝ հանուն Ռոբերտի և այն 130 նահատակների, որ զոհվեցին ապրիլին, նաև այն տղաների, ովքեր 90-ականներին Ղարաբաղը պահեցին»: Հիշեցնենք, որ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն ապրիլի 2-ին իր կյանքի վերջին րոպեներին խոսել է գումարտակի հրամանատարների հետ: «Բոլորը զոհվել են, մնացել եմ ես ու իմ միակ նռնակը»,- իրավիճակը ներկայացրել է Ռոբերտն ու այդ նույն նռնակով պայթեցրել իրեն և թշնամու տասնյակ զինվորների:

1in.am
16-11-2017 18:00