«Խորհրդավոր հանդիպումներ՝ Անկարայում». Փակ դռների ետևում հայկական հարցերին առնչվող ինչ որոշումներ են կայացվում

17-11-2017 10:11

«Ակոս»-ը նոյեմբերի 17-ի հայերեն բաժնում «Խորհրդավոր հանդիպումներ Անկարայում» խորագրի ներքո գրում է, թե Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն նոյեմբերի 15-ին Անկարայում հանդիպումներ է ունեցել վաքըֆներից պատասխանատու փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի մի շարք խորհրդականների հետ: Ուշագրավ է, որ Պետրոս Շիրինօղլուի այս հանդիպումները կայանում են այնպիսի շրջանում, երբ քննարկումներ են ընթանում պատրիարքական ընտրության վերաբերյալ: Ենթադրվում է, թե այս հանդիպումների ընթացքում օրակարգի թեմա են դարձել պատրիարքական ու համայնքային ընտրությունների հարցերը: Հայտնի է դարձել, որ փոխվարչապետ Չավուշօղլուի հետ կայացած հանդիպումը տևել է երկու ժամ: Հանդիպման վերջում Շիրինօղլուի կողմից որևէ հայտարարություն չի արվել: Ըստ լուրերի՝ Շիրինօղլուն նշել է, թե մամուլին որևէ հայտարարություն չպիտի արվի այս մասին: Այս հանդիպումների բովանդակությամբ անշուշտ հետաքրքրված են համայնքային հաստատությունների վարիչները, պատրիարքական ընտրության դերակատարները, ինչպես նաև ամբողջ համայնքը, մանավանդ ներկա պայմաններում: «Սակայն պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը և համայնքային հաստատության մի շարք վարիչներ որևէ տեղեկություն չունեն այս հանդիպումների մասին»,- գրում է «Ակոս»-ը: «Ինչպես հիշում ենք, 2017-ի հոկտեմբերի 24-ին Պետրոս Շիրինօղլուն, Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկ. Մաշալյանը, Նախաձեռնող մարմնի ատենապետ Սարգիս Քյուլեկեչը և Արամ արք. Աթեշյանը հանդիպել էին կուսակալ Վասիբ Շահինի հետ, երբ քաղաքից բացակայում էր տեղապահ սրբազան հայրը (խոսքը Գարեգին արք. Բեքչյանի մասին է – «ՆՅ»): Այս հանդիպման վերջում ևս որևէ պաշտոնական հայտարարություն չէր արվել, միայն անուղղակի ձևով հասած մի շարք լուրերի շնորհիվ հանրությունը տեղեկացել էր, որ կուսակալը անհանգստություններ ունի պատրիարքական տեղապահի և Նախաձեռնող մարմնի վերաբերյալ»,- գրում է «Ակոս»-ը:

1in.am
17-11-2017 10:11