Նալբանդյանն արձագանքել է Բաքվի հայտարարությանը

17-11-2017 15:10

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը բավական դժվար է: Եթե Ադրբեջանը մի փոքր աչալուրջ լինի այն կոչերին, որոնք ներկայացնում են եռանախագահող երկրները, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանելու եւ արդյունքներ ունենալու համար: Այս մասին արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլիս ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով Բաքվից վերջերս հնչեցված ԼՂ հիմնախնդրի բանակցություններից կոնկրետ արդյունք ունենալու հայտարարություն-պահանջին՝ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա: «Այս առումով մենք կարեւորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Հայտարարություններ անել, գառնուկ ձեւացնել… կարծում եմ որեւէ մեկին խաբել չեն կարող»,-ասաց նախարարը: Նա հիշեցրեց եռանախագահող կողմերի բազմիցս հնչած կոչերը՝ զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումից, վերահաստատել հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման: «Եռանախագահները կոչ են անում հարգել եւ իրականացնել եռակողմ եւ անժամկետ զինադադարի համաձայնագրերը, հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ ինչ է անում Ադրբեջանը»,-նկատեց ՀՀ ԱԳ նախարարը:

1in.am
17-11-2017 15:10