Գագիկ Ծառուկյանն անձամբ հետևել է բազկամարտի համաուսանողական առաջնությանը

18-11-2017 11:15

Նոյեմբերի 15-ից 17-ը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում անցկացվեց բազկամարտի Հայաստանի համաուսանողական առաջնությունը՝ նվիրված ուսանողների միջազգային օրվան: Առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի, Արցախի եւ Ջավախքի բուհերի ավելի քան 360 ուսանողներ, կազմակերպում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա այսօր հետեւեց եզրափակիչ մարտերին: Եզրափակիչների մեկնարկից առաջ ՀԱՕԿ նախագահը բոլոր ուսանողներին շնորհավորեց իրենց միջազգային օրվա առիթով. «Մենք լավ ավանդույթ ենք դարձրել ամեն տարվա այս օրը ուսանողների համար տարբեր միջոցառումներ կազմակերպել: Բազկամարտի համաուսանողական առաջնությունն օրվա բազմաթիվ միջոցառումներից մեկն է: Մենք մեր երիտասարդներին, ուսանողներին տարբեր ոլորտներում իրենց կարողությունները փորձելու, իրենց չբացահայտված ունակություններն ու տաղանդը բացահայտելու հնարավորություններ ենք ընձեռում: Ուզում ենք, որպեսզի երիտասարդները զբաղվեն սպորտով, լինեն առողջ, ճանաչեն իրենք իրենց, պայքարեն ու հաղթեն: Բազկամարտի համաուսանողական առաջնությունը հենց այդ հարթակներից մեկն է: Մենք բազկամարտի մեր չեմպիոններին, ազգային հավաքականի անդամներին գիտակցաբար չենք թողել մասնակցել այս առաջնությանը, որպեսզի պայքարն ավելի հետաքրքիր եւ արդար լինի: Մի քանի օրից կմեկնարկի բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր եւ առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված Հայաստանի առաջնությունը, որին առաջին անգամ կմասնակցեն նաեւ հաշմանդամություն ունեցողները: Նրանք դիմել են ինձ՝ տեղեկացնելով, որ իրենք նույնպես ամբողջ տարի մարզվում են եւ ցանկանում են մասնակցել Հայաստանի առաջնությանը, ցուցադրել իրենց ունակությունները: Ես սիրով ընդունել եմ նրանց առաջարկը: Չեմ բացառում նաեւ, որ այսօրվա հաղթողներից ու մրցանակակիրներից շատերը նույնպես այնտեղ հանդես գան, հաղթեն, դառնան ճանաչված ու գնահատված: Սիրելի ուսանողներ, երիտասարդներ, դուք եք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան: Համարձակ եղեք կյանքում, մի վախեցեք ձեզ փորձել, ստուգել ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ սպորտում: Այդպես ձեր մեջ նոր որակներ կբացահայտեք, ինքներդ ձեզ ավելի լավ կճանաչեք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հորդորելով ավելի համարձակ ու ակտիվ լինել ուսման մեջ, սպորտում եւ կյանքում:

1in.am
18-11-2017 11:15