Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա

18-11-2017 00:37

Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին վարժարանում դիմավորել են սաները՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանով շապիկներով և կարդացել հայ զինվորին հասցեագրված իրենց պատրաստած նամակը: Վարժարանի դահլիճում սաները նաև փոքրիկ համերգային ծրագիր են ներկայացրել հյուրերին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վիգեն Սարգսյանը նշել է, որ այլ երկրներ այցերի ընթացքում մշտապես կարևորել է հանդիպումները հայկական դպրոցներում, քանի որ առանց դպրոցների անհնար է պահպանել հայկական ինքնությունը: «Մեր երկիրը սահմանափակ տարածքով և ոչ շատ մեծ բնակչությամբ երկիր է: Բայց մեր ժողովուրդը անհամեմատ մեծ ժառանգության կրող է: Մեր պայքարը, մեր գոյության իմաստավորումը չի կարող սահմանափակվել երկրի տարածքով, սահմաններով, կամ բնակչությամբ: Մենք կրողն ենք այն ժառանգության, որի կերտողները երազել են պետականության մասին: Այսօր, երբ մենք ունենք պետություն, պետք է անենք հնարավորը, որպեսզի Հայաստանը, սփյուռքն ու Արցախը միասնական կարողանան կյանքի կոչել մեր դարավոր իղձերը»,- նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Հայկական պատվիրակությունն այնուհետև հյուրընկալվել է ՀՅԴ «Սուրբ Հակոբ» դպրոցում, շրջայց կատարել դպրոցի տարածքով: Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում: Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

1in.am
18-11-2017 00:37