Ռայան Բոաթրայթը ժամանում է Երևան. Նոր անուններ՝ Հայաստանի ազգային հավաքականում

20-11-2017 13:35

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը՝ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ, շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին: Մեր բասկետբոլիստները նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափեն Ալբանիայի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երևանում կհյուրընկալեն Դանիային: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը նախօրեին ՀԱՕԿ-ի լրատվականի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ մոտ տասը խաղացողներ տարբեր պատճառներով չեն կարողանում միանալ հավաքականին: Մասնավորապես, հավաքականում չեն լինի ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստները, ինչը մեծ կորուստ է: Հարցականի տակ էր նաև Եվրոպայում խաղացող մի քանի բասկետբոլիստների՝ Քրիս Յանկու Օսկիյանի, Ռայան Բոաթրայթի, Մարսել Հովսեփյանի մասնակցությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նազարյանն ասաց, որ Ստամբուլի «Բեշիկթաշում» հանդես եկող Ռայան Բոաթրայթն այնուամենայնիվ կմասնակցի առաջիկա հանդիպումներին և այս գիշեր կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Հիշեցնենք, որ Բոաթրայթը մեր հավաքականի առաջատարն է: Աշխարհի առաջնության նախընտրական փուլում մեր հավաքականը տպավորիչ արդյունքների հասավ նաև այս բասկետբոլիստի շնորհիվ: «Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը, Քրիս Յանկուն, Մարսել Հովսեփյանը չկան, իսկ Վարդան Բիդրոսյանը փաստաթղթերի խնդիր ունի: Հավաքական են վերադարձել Ռուսաստանում հանդես եկող Անդրեյ Կոնստանտինովը և Կոնստանտին Միրզոյանցը, որոնք հավաքականում չէին աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ: Ինչ վերաբերում է նորեկներին, ապա կարելի է առանձնացնել ԱՄՆ-ի «Մասիս» թիմում հանդես եկող Արագատ Աբրահամյանին, որը լավ տպավորություն է թողել մարզիչների վրա: Կարող եմ առանձնացնել նաև 208 սմ հասակ ունեցող 17-ամյա Դավիթ Խաչատրյանին՝ «Գրանդ Սպորտից», ինչպես նաև «Արցախի» 18-ամյա խաղացող Գեորգի Պադկոլիզնին»,- նշեց Նազարյանը: Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականում հատկապես աչքի էին ընկնում Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, ինչպես նաև Քրիս Յանկուն: Անդրադառնալով մեր առաջիկա մրցակիցներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ թե՛ Ալբանիայի և թե՛ Դանիայի հավաքականները լուրջ մրցակիցներ են: «Ալբանիայի հավաքականի հետ Հայաստանը մրցել է հուլիսին Երևանում: Կայացած 2 ընկերական խաղերում էլ մեր թիմը հաղթել է, սակայն երկու թիմերի կազմերում էլ փոփոխություններ են եղել»,- հավելեց Նազարյանը: ՖԻԲԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Ալբանիան այս պահին 80-րդն է, իսկ Դանիան՝ 72-րդը: Հայաստանի ազգային հավաքականն էլ գտնվում է 95-րդ հորիզոնականում: Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում 3 թիմերի պայքարում 1-ին տեղը զբաղեցած հավաքականը պայքարը կշարունակի ընտրական հաջորդ փուլում: Եվրոպայի առաջնության ընտրական հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի նաև 3 խմբերում լավագույն 2-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց աշխարհի առաջնության ընտրական փուլին: Մեր հավաքականին հաջողվեց տոնել 3 հաղթանակ, ինչը կարելի է գերազանց արդյունք համարել: Երևանում Հայաստանի հավաքականը առավելության հասավ Շվեդիայի և Սլովակիայի բավական ուժեղ հավաքականների նկատմամբ: Սլովակիային Հայաստանը հաղթեց նաև Բրատիսլավայում: Հատկապես Շվեդիային հաղթելուց հետ մեր երկրում իրական բասկետբոլային բում էր առաջացել: Մերոնք մոտ էին աշխարհի առաջնության հիմնական փուլ դուրս գալուն, սակայն վճռորոշ խաղում զիջեցին Բոսնիա և Հերցեգովինային: Արդեն իսկ փաստ է, որ Հայաստանի հավաքականն իր ուրույն տեղն ունի եվրոպական բասկետբոլում: Ու չնայած կադրային խնդիրներին՝ սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականը առաջիկա երկու հանդիպումներում նույնքան հաղթանակ կտանի: Ալբանիա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում: Հայաստան-Դանիա հանդիպումն էլ տեղի կունենա նախկին «Միկա» մարզադահլիճում և կսկսվի ժամը 19-ին:

1in.am
20-11-2017 13:35