Չէ՞ որ մենք նույնպես երեխա ենք, աննորմալ և հիվանդ չենք. աշակերտուհու ելույթը ԱԺ-ում

20-11-2017 15:48

Ազգային ժողովում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված հատուկ նիստի շրջանակում ներառական կրթության ամրապնդման հարցը բարձրաձայնեց Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սան Անի Ասատուրյանը, ում հետ հարցազրույց վարեց հատուկ մանկավարժ Քրիստինե Սարգսյանը: Անին նախևառաջ ներկայացավ. «Ես Անի Ասատուրյանն եմ, 16 տարեկան: Սիրում եմ երգել՝ չնայած չունեմ ձայնային տվյալներ, սիրում են նաև ձիավարել»: Ապա կրթահամալիրի սանը խոսեց մի դեպքի մասին, որը շատ էր նրան վիրավորել: «Ես Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցն ավարտելուց հետո հայրիկիս հետ գնացի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային քոլեջ՝  գործերս տալու, սակայն երբ հասանք այնտեղ,  տնօրենի գլխավորությամբ մեզ ասացին, որ մենք ներառական  երեխա չենք ընդունում, հարմարավետ պայմաններ չունեն: Այդ բառերն ինձ շատ նեղացրին. ես կարող էի ծանոթի միջոցով հայտնվել ուսումնարանում, սակայն այդտեղ նույնիսկ ոտք դնել այլևս չէի ուզում: Ինձ վիրավորեց նրանց վերաբերմունքը, որով ուզում էին մի փոքր բարեհամբույր թվալ, սակայն ստացվեց լրիվ հակառակը»,- ասաց Անի Ասատուրյանը: Հարցին, թե ինչ փոփոխություններ է նա ցանկանում տեսնել, Անին պատասխանեց. «Նախևառաջ, պետք  է փոխվի ուսուցիչների վերաբերմունքը. չէ՞ որ մենք նույնպես երեխա ենք, աննորմալ և հիվանդ  չենք, չպետք  է մեզ տարանջատել: Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է վերահսկում իրականացնի ներառական կրթության ոլորտում՝ որակն ավելի շատ բարձրացնելու համար»,-ընդգծեց կրթահամալիրի սանը: Հատուկ մանկավարժը խնդրեց հստակեցնել, թե ինչ է Անին հասկանում՝ ասելով վերահսկում իրականացնել: Նա պատասխանեց, որ ուսուցիչները պետք է գան նրան և մյուսներին հարցնեն՝ արդյոք  նրանք գո՞հ են  ուսուցչի աշխատանքից, թե ոչ: Անին նշեց, որ ունի մի երազանք՝ դառնալ հատուկ մանկավարժ և դրանով ապացուցել, որ ինքը կարող է ավելին, քան իրեն տրվում է: Նրան արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ ասելով. «Վստահ եմ՝ դու, փոքրիկ, կդառնաս հատուկ մանկավարժ»:

1in.am
20-11-2017 15:48