Բագրատաշենի անցակետում դանակահարել են սահմանապահին. հարուցվել է քրգործ

20-11-2017 16:48

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է ՍԶ ծառայողների հետ: Վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ ԱԱԾ ծառայողը ճանաչվել է տուժող, ով բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, վիճաբանությանը մասնակցած քաղաքացիների ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են: Մեկ անձ ձերբակալվել է, մյուսին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ,կատարվել զննություններ, առգրավումներ: Ավտոմեքենայի մեջ մաքսանենգ ապրանք չի հայտնաբերվել: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

1in.am
20-11-2017 16:48