«Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակում Բակո Սահակյանը մեդալ է հանձնել ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանին

21-11-2017 11:03

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Փարիզ քաղաքում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, տեղի հայ համայնքի, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակլից  հայտնում են, որ իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայում «Արցախի օրեր» անցկացվում են առաջին անգամ, ինչի պատճառով պատասխանատվությունը կրկնակի է և սպասելիքները՝ ավելի մեծ: «Մենք համոզված ենք, որ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Համոզված ենք, որովհետև ունենք հայրենասեր հայրենակիցներ և հավատարիմ բարեկամներ, ովքեր իրենց ներգրավմամբ կսատարեն բոլոր նախաձեռնությունների հաջող կյանքի կոչմանը»,- իր խոսքում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը: Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ «Ֆրանսիայում Արցախի օրերի» կազմակերպումն իր կարևոր լուման կունենա Ֆրանսիայի հետ Արցախի փոխգործակցության ընդլայնման գործում՝ ֆրանսիական ու եվրոպական հանրությանը ներկայացնելով մեր երկիրը, նրա պատմությունը, մշակույթը, տնտեսությունը և այլ բնագավառներ՝ հավելելով, որ մեր բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին՝ բարձր գնահատելով տարիներ շարունակ նրա մշտական աջակցությունն Արցախին և մասնակցությունը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:

1in.am
21-11-2017 11:03