«Իշխանությունը կապիկի քաղաքականություն է վարում. Մինչև մի ճյուղը չբռնեն, մյուսը բաց չեն թողնում»

21-11-2017 14:30

«Չարեփոխված Սահմանադրությունը անգամ կեղծիքներով անցկացրեցին, և մենք պետք է կենտրոնանանք հենց դրա վրա: Կեղծիքներով ընդունված Սահմանադրությունը չի կարող ծառայել ժողովրդին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը, ով այսօրվանից միացել է Հայրիկյանի՝ սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու պահանջով հացադուլին: Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ երբ տեղի ունեցավ հանրաքվեն, այդ օրվանից բոլոր ինստիտուտները պետք է հրաժարական տային, և նոր ընտրություններ նշանակվեին: «Բայց սրանք վարում են կապիկի քաղաքականություն: Օգտվելով հին Սահմանադրությունից՝ նախագահին մինչև վերջ պահում են իր ժամկետում, բայց հենց հարցը վերաբերում է նոր սահմանադրական փոփոխություններին 200 հազար ստորագրությամբ, իրենք ասում են, որ այդ դրույթը դեռ չի գործում: Այսինքն՝ կապիկի նման մինչև մի ճյուղը չեն բռնում, մյուսը բաց չեն թողնում: Այսինքն՝ ակնհայտ ցույց են տալիս, որ իրենք բռնատերեր են և թքած ունեն մարդկանց իրավունքների և ազատությունների վրա»,- ասաց Սարուխանյանը: Նա նշեց, որ այս պայքարը անիմաստ չէ, իրենք հասնելու են ազատ Հայաստանի, միայն ցավ է ապրում, որ պայքարին միացողներ չկան՝ չնայած իրենց սակավաթիվ համակիրներով իրենք կարողանում են ճշմարտությունը հասցնել հասարակ քաղաքացիներին: Նրանք արդեն իրենց բակերում, նարդիի տախտակի առաջ խոսում են հենց ազատ, անկախ Հայաստան ունենալու թեմաներից:   Առավել մանրամասն՝ տեսանյութում:

1in.am
21-11-2017 14:30