Լավրովը հայտարարեց սառեցման մասին

21-11-2017 14:13

Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի՝ այսօր Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը ըստ էության շարունակել է այն տրամաբանությունը և տրամադրությունը, որ արտահայտել էր Բաքվում նոյեմբերի 20-ին Ալիևի հետ հանդիպմանը: Ըստ էության, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է Ղարաբաղյան գործընթացը կամ խնդիրը սառեցնելու, կամ առնվազն սառեցման գործընթացի մասին, որ փորձում են առաջ տանել Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը: Խնդիրն այն է, որ հակառակ դեպքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մտահոգություն կարտահայտեր այն կապակցությամբ, որ կողմերը դանդաղ են գնում առաջ, որ հակամարտության կարգավորումը ձգվում է, ինչը մեծացնում է լարվածության հավանականությունը և այլն: Սակայն Լավրովի հայտարարությունները չեն ուղեկցվում մտահոգությամբ, որ դանդաղ ընթացքը կամ պահանջվող տևականությունը լրացուցիչ լարվածություն կառաջացնեն շփման գծում, կբերեն ռազմական էսկալացիայի: Ըստ այդմ՝ հնարավոր է եզրակացնել, որ Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու և Երևան կատարած այցերի շրջանակում փորձում է իրականացնել սառեցման տանող գործընթաց: Այդ առումով, ինչպես հայտնի ֆիլմում՝ ես նրան փախցրեցի, ես էլ նրան կազատեմ: Ռուսաստանը վերջին տարիներին իր քաղաքականությամբ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այսպես ասած, եռակողմ գործակցությամբ փորձեց հասնել Ղարաբաղյան գործընթացում որոշակի նոր իրավիճակի՝ ակնկալելով ղարաբաղյան գոտում տեղակայել ռուս կամ ՀԱՊԿ խաղաղապահներ: Այդ նպատակին հասնելու համար Մոսկվան փորձում էր, այսպես ասած, չափավոր լարվածություն առաջացնել՝ ըստ էության կառավարելի թեժացման միջոցով ստեղծելով մի վիճակ, երբ ռուս խաղաղապահներին չէր մնա այլընտրանք: Սակայն կա՛մ Ադրբեջանը, այսպես ասած, շտապեց ապրիլյան պատերազմով, կա՛մ հայկական զինուժը գտնվեց շատ ավելի մարտունակ, քան կարծում էին Մոսկվան ու Բաքուն, և բանը չհասավ ռուս խաղաղապահների տեղակայմանը: Բացառված չէ նաև, որ պարզապես այդ հարցում վերջին պահին միմյանց հետ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ Ադրբեջանն ու Ռուսաստանը, որոնցից յուրաքանչյուրը գուցե ի սկզբանե ակնկալում էր ընդամենը օգտագործել մյուսին իր նպատակների համար: Ապրիլյան պատերազմից հետո բոլորովին այլ իրավիճակ է, և ադրբեջանական ագրեսիայի տապալումով հայկական կողմը ոչ միայն իր ձեռքն է վերցրել լրացուցիչ էական խաղաքարտեր, այլ նաև խաղաքարտեր է տվել թե՛ Արևմուտքի, թե՛ Իրանի ձեռքը: Այդ պայմաններում Ռուսաստանին այլ բան չի մնում, քան գոնե նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու համար տանել այն վերստին սառեցման: Այսինքն՝ Ռուսաստանը թեժացրեց իրավիճակը, նրան էլ թերևս վերապահվել է այն վերստին սառեցնելու և առավելագույնս կառավարելի դարձնելու խնդիրը, ինչը փորձում է լուծել Լավրովը Բաքվում և Երևանում: Դրանից առաջ էլ այդ խնդիրը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը փորձել էր լուծել Պուտինը, ինչպես հայտարարեց Էրդողանը այդ հանդիպումից հետո: Սա իհարկե ամենևին չի երաշխավորում ոչինչ, առավել ևս իրավիճակի հնարավոր շրջադարձեր, սակայն այս պայմաններում առանցքային գործոնը, որ անհրաժեշտ է ֆիքսել, այն է, որ գնդակը ներկայումս Երևանի դաշտում է կամ, ավելի շուտ, ոչ թե դաշտում, այլ Երևանի ձեռքում, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես այն կխաղարկվի: Խոսքն այն մասին է, որ իրավիճակը այս պայմաններում զգալիորեն կախված է այն բանից, թե ինչպիսին կլինեն Հայաստանի ներքին կառավարման արդյունավետությունն ու արտաքին քաղաքական համարժեքությունը, ինքնիշխանությունը: Դրանով է պայմանավորված, թե իրավիճակը որքան երկար և կայուն կմնա սառը:

1in.am
21-11-2017 14:13