Հայաստանում անցնում է «ՎԵՈՆ» խմբի ղեկավարության գլոբալ համաժողովը

21-11-2017 14:06

«ՎԵՈՆ» ընկերությունների խմբի բարձրաստիճան ղեկավարները հավաքվել են Երևանում՝ մասնակցելու գլոբալ կորպորատիվ համաժողովին: Հանդիպման նպատակն է գնահատել կատարված աշխատանքի արդյունքները, քննարկել և հաստատել խմբի զարգացման ընդհանուր ռազմավարությունը: Մասնավորապես, քննարկվելու է գլոբալ և տարածաշրջանային թվային պրոդուկտների ներդրումը: Հայաստանն ընտրվել է որպես այս հանդիպման անցկացման վայր, քանի որ «ՎԵՈՆ Արմենիա»-ն խմբի արագ զարգացող ընկերություններից է և արդեն մեծ փորձ ունի թվային պրոդուկտների և ֆիքսված ենթակառուցվածքների ոլորտներում: «Ես ուրախ եմ կրկին այցելել Հայաստան: Այն ռազմավարական նշանակության շուկա է «ՎԵՈՆ»-ի համար Եվրասիայում: Հայաստանում Beeline-ը «ՎԵՈՆ» խմբի մասն է 2006թ.-ից ի վեր, և այդ ընթացքում մենք այստեղ շատ ձեռքբերումներ ունենք: Beeline-ն առաջինը Հայաստանում և երրորդն աշխարհում 2016 թվականին գործարկեց ֆիքսված LTE-450 (Long-Term Evolution) ցանցը: Իհարկե, մեր ներդրումները շարունակվելու են, ինչպես և տրանսֆորմացիայի և թվայնացման գործընթացները, որպեսզի «ՎԵՈՆ Արմենիա»-ն դառնա ժամանակակից տեխնոլոգիական կազմակերպություն: Ամեն դեպքում, մեր վերջնական նպատակը հաճախորդներին նորարարական թվային ծառայություններ տրամադրելն է», – նշեց «ՎԵՈՆ» խմբի Գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն: «ՎԵՈՆ»-ը Եվրասիայում միակ իրապես միջազգային օպերատորն է: Մենք հետևողական ներդրումներ ենք կատարում այս տարածաշրջանում լավագույն թվային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար: Հայաստանը Եվրասիական շուկայում յուրահատուկ տեղ է զբաղեցնում, որովհետև այն միակ շուկան է «ՎԵՈՆ»-ի համար, որտեղ մենք խոշոր ֆիքսված կապի օպերատոր ենք: Այստեղ մենք մատուցում ենք համալիր հեռահաղորդակցության ծառայություններ, ինչը շահեկան է մեր բաժանորդների համար», – ասաց Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը: «Հեռահաղորդակցության ոլորտը չափազանց դինամիկ է, և հաճախորդների պահանջներն արագ փոփոխվում են: «ՎԵՈՆ»-ը Հայաստանում ստանձնել է այս փոփոխվող պահանջները բավարարելու պարտավորությունը: Հայաստանում Beeline–ի նպատակն է մեր բաժանորդներին տրամադրել լավագույն տեխնիկական հնարավորությունները, պարզ և հարմար ծառայությունները՝ օգտագործելով բոլոր հնարավոր թվային միջոցները: Մենք մտադիր ենք շարունակ աշխատել ի շահ մեր բաժանորդների և ողջ հասարակության», – ավելացրեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նշենք, որ համաժողովում մասնակցելու համար Հայաստան են այցելել «ՎԵՈՆ» խմբի ավելի քան 180 գլոբալ և տարածաշրջանային ղեկավարներ:

1in.am
21-11-2017 14:06