Ինչ է Մոուրինյոն որոշել Մխիթարյանի հաշվով. Մեր ֆուտբոլիստը վաղը կլինի՞ մեկնարկային կազմում

21-11-2017 00:30

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի շվեյցարական «Բազելին»: A ենթախմբում 4-րդ տուրից հետո առաջատարը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն է, որը բոլոր հանդիպումներում հաղթել է և ունի 12 միավոր: 6 միավոր վաստակած «Բազելը» երկրորդն է: Նույնքան միավոր ունի նաև 3-րդ հորիզոնականում գտնվող Մոսկվայի ԲԿՄԱ-ն, իսկ վերջին հորիզոնականում գտնվող «Բենֆիկային» առայժմ չի հաջողվել միավոր վաստակել: Հիշեցնենք, որ Անգլիայում տեղի ունեցած առաջին մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթել էր «Բազելին»: Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով հաղթեց «Նյուքասլին» և արդեն իսկ խոսում է, որ Պոլ Պոգբայի շարք վերադառնալուն պես՝ ամեն ինչ ընկավ իր տեղը: Մասնավորապես, «Յունայթեդը» նորից հաղթեց խոշոր հաշվով, իսկ կենտրոնական հարձակվող Լուկակուն վերջապես վերջ դրեց գոլայի երաշտին: Հիշեցնենք նաև, որ Պոգբայի բացակայության ժամանակ «Յունայթեդը» հատկապես առջևի գծում լուրջ խնդիրներ ուներ: Շատերը պնդում էին, ու Լուկակուի ու Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղի անկման պատճառը Պոգբայի բացակայությունն էր: Մոուրինյոն «Նյուքասլի» հետ խաղից հետո նշել էր հայ կիսապաշտպանի՝ հայտացուցացկում չլինելու պատճառը: Մասնավորապես պորտուգալացի մասնագետն ասել է, որ նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով: Ինչ խոսք, մարտավարական պատճառներով ֆուտբոլիստին ընդհանրապես հայտացուցակից դուրս թողնելն այնքան էլ ընկալելի չէ: Շատ հնարավոր է, որ «Նյուքասլի» դեմ Պոգբայի կողքին գործելով՝ Մխիթարյանը ևս տպավորիչ խաղ ցուցադրեր: Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից դուրս մնալուն անդրադարձել էր նաև Thesun պարբերականը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ժոզե Մոուրինյոն խիստ դժգոհ է հայ ֆուտբոլիստից, և հնարավոր է, որ Մխիթարյանին հանգիստ տրամադրվի լարվածությունը թոթափելու համար: Նույն աղբյուրի համաձայն՝ իրականությանը չի համապատասխանում Մոուրինյոյի այն հայտարարությունը, որ Մխիթարյանին «Նյուքասլի» հետ հանդիպման հայտացուցակում չէր ընդգրկել տակտիկական պատճառներով: Նշվում է, որ Մխիթարյանի մոտ նկատելի է գերհոգնածություն: «Հենրիխ Մխիթարյանից դժգոհ են բոլորը: «Յունայթեդ» տեղափոխվելուց 16 ամիս անց Միկին փորձում է փրկել կարիերան»,- նշել էր Thesun-ը: Թե որքանով է իրատեսական Thesun-ի նման հայտարարությունը՝ դժվար է ասել: Բրիտանական Whoscored պարբերականի փորձագետն էլ կարծիք է հայտնել, որ Մոուրինյոն տակտիկական նկատառում ասելով նկատի ուներ «Բազելի» հետ հանդիպումը: Ավելի ստույգ, Մոուրինյոն ուղղակի հանգստանալու հնարավորություն էր տվել Մխիթարյանին Հայաստանի հավաքականից վերադառնալուց հետո: Վերջինս կարող է դրսևորվել հենց «Բազելի» հետ հանդիպմանը: Ըստ Whoscored-ի՝ վաղը «Յունայթեդը» կխաղա 4-3-3 մարտավարությամբ, և Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում: Միևնույն ժամանակ շվեյցարական թիմի հետ խաղում նշված պարբերականի փորձագետը չի տեսնում Պոգբային: Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Լինդլոֆն ու Սմոլինգը: Պաշտպանության աջ եզրում կգործի Դարմիանը, իսկ ձախ եզրում՝ Բլինդը: Կիսապաշտպանության կենտրոնում կխաղա Մատիչը, իսկ Անդեր Էրերան հանդես կգա աջ կողմում: Կիսապաշտպանության ձախ եզրում էլ կխաղա Ֆելաինին: Հարձակման կենտրոնում կլինի Լուկակուն, իսկ Ռեշֆորդը կգործի ձախ եզրից: Whoscored-ի վարկածով՝ վաղը Մխիթարյանը կխաղա աջ հարձակվողի դիրքում: Այսինքն՝ մի քանի օր հանգստի հնարավորություն տալով՝ Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին հնարավոր է օգտագործի հարձակման գծում, և նա հնարավորություն կունենա տևական դադարից հետո գոլի հեղինակ դառնալու: Նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին տուրից առաջ կապահովի 1-ին հորիզոնականը: Մրցաշարային տեսանկյունից «Բազելի» հետ հանդիպումը Մոուրինյոյի համար խիստ կարևոր չես անվանի: Շատերը կարծում են, որ Մոուրինյոն վաղը կխնայի Պոգբային և վնասվածքից ապաքինված Իբրահիմովիչին:

1in.am
21-11-2017 00:30