Տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով

21-11-2017 15:23

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատելու է հատուկ ռեժիմով: Նախարարությունից  տեղեկացրին, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանն արդեն մեկնարկել է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին: Ձմեռային տարեշրջանի ամբողջ ընթացքում նախարարության պաշտոնական կայքում և ԶԼՄ-ներով պարբերաբար լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում օպերատիվ տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա: Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա: Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

1in.am
21-11-2017 15:23