Ֆրանսիայի ժողովուրդը հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է. Բակո Սահակյան

21-11-2017 16:51

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Սեն Շամոն քաղաք, հանդիպում ունեցել քաղաքապետի, տեղական իշխանությունների պատասխանատուների, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ ստեղծված ջերմ մթնոլորտում Արցախի պատվիրակությունն իրեն զգում է ինչպես հարազատ օջախում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի ժողովուրդը հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է, և Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի, նրա տարբեր վարչական միավորումների, քաղաքների ու համայնքների հետ փոխգործակցության խորացմամբ: Անդրադառնալով Ֆրանսուա Ռոշբլուանի գործունեությանը՝ Նախագահ Սահակյանն այն բնութագրել է որպես մարդասիրության, անկեղծ բարեկամության, սկզբունքայնության, համամարդկային արժեքներին հավատարմության օրինակելի դրսևորում՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Ֆրանսիա-Արցախ հարաբերությունների և հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման ու ընդլայնման գործում:

1in.am
21-11-2017 16:51