Կառավարության էներգիան մեզ բավարարում է. Աղվան Վարդանյան

21-11-2017 17:30

Նախորդ շաբաթ 2018թ. բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցությունը կոշտ կերպով քննադատեց բյուջեի նախագիծը՝ մինչև անգամ նշելով, որ այս կառավարությունը սպառված է, իսկ ՀՀԿ-ն անպատասխան թողեց նշված քննադատությունները: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, սակայն, համաձայն չէ, որ ՀՀԿ-ն անպատասխան թողեց քննադատությունները: «ՀՀԿ-ից եղան մի քանի ելույթներ, որոնք պաշտպանեցին և կառավարությանը, և բյուջեն»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք, ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի, համարում են, որ կառավարությունը ճիշտ ընթացքի մեջ է և ունի կամք ու ջանք՝ առաջադրված նպատակներին հասնելու: «Առաջին արդյունքները արդեն իսկ նկատելի են»,- ասաց նա՝ հավելելով, որ գնահատականները տրվում են ոչ թե պահանջմունքից կամ ցանկությունից, այլ ռեալ իրողությունից ելնելով: Հարցին՝ Կարեն Կարապետյանին հաջողվե՞լ է, իր իսկ բնորոշմամբ, «դրայվ» անել, «հուպ» տալ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Էներգիան կա, եռանդը կա, և այսպես աշխատելու պարագայում մենք իսկապես կունենանք զարգացում»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելուն, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ընդհանրապես աշխարհում անփոխարինելի մարդիկ չկան, ընդհանրապես ոչինչ հավերժական չէ, բայց կա կոնկրետ ժամանակ և կոնկրետ ժամանակի մեջ կոնկրետ անձանց էական դերակատարություն և այդ պահին անփոխարինելիություն: Ես վստահ եմ, որ հանրապետության նախագահի փորձը, արտաքին ու ներքին ոլորտում կառավարման գիտելիքները և նրա կուտակած հմտությունները շարունակելու են ծառայել մեր երկրի հետագա զարգացմանը»: Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am
21-11-2017 17:30