Արտաքին ներդրողների պարզ հարցը Հայաստանին

21-11-2017 17:58

Հայաստանը կարող է հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար, Երևանում ընդունելով Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Տեսականում իհարկե Հայաստանը հետաքրքիր պլատֆորմ կարող է լինել ցանկացած բիզնեսի համար, այդ թվում նաև ԵՏՄ անդամության շնորհիվ, որը բացում է ռուսական շուկան: Սակայն խնդիրն այն է, թե ինչքանով է Հայաստանը բիզնեսի համար հետաքրքիր պլատֆորմ իրականում: Եվ երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները այդ մասին բարձրաձայնում են արտերկրի դիվանագետների և տնտեսական էլիտայի ներկայացուցիչների առաջ, ապա ունկնդիրների մտքում թերևս առաջանում է մի պարզ հարց՝ իսկ Հայաստանն ինչո՞ւ հետաքրքիր պլատֆորմ չէ հենց հայաստանցի կամ հայազգի ներդրողների համար: Ունի՞ այդ հարցին պատասխան վարչապետը, կամ Սերժ Սարգսյանը, կամ որևէ այլ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյա: Օրինակ, Շվեյցարիայի դեսպանը կարող է ընդամենը տալ մի պարզ հարց, որը գուցե չի հնչում ընդամենը դիվանագիտական էթիկայից ելնելով: Իսկ հարցը իսկապես պարզ է՝ մարտին ստեղծվել է Հայաստանի ներդրողների ակումբ, որին անդամակցում են ռուսաստանցի հայ միլիարդատերեր և միլիոնատերեր, թվով երեք տասնյակ: Ցույց տվեք խնդրեմ այդ ներդրողների ակումբի, այսպես ասած, ներդրումային պորտֆելը, որը իր կշռով համարժեք լինի ակումբի այսպես ասած քաշին: Բավական է այդ հարցը, Հայաստանի ներդրումային հետաքրքրության թեման փակելու համար: Որովհետև, ինչպես, օրինակ, տարիներ առաջ հայտարարում էր նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը, օրինակ, ամերիկացի ներդրողներին Հայաստանում ներդրում կատարելու հարցում շահագրգռելու համար շատ կարևոր է, որպեսզի առաջին հերթին լինեն ամերիկահայերի ներդրումային օրինակներ, քանի որ ամերիկացի գործարարի համար այդ հանգամանքը Հայաստանի ներդրումային վստահելիության առաջին ցուցիչներից մեկն է: Եթե արտերկրի և Հայաստանի մեծահարուստները ներդրում չեն կատարում Հայաստանում, և ավելին՝ ավելի մեծ ծավալի կապիտալ արտահանում են Հայաստանից դուրս, ապա չի կարող որևէ արտաքին ներդրողների համար լուրջ լինել Հայաստանի հետաքրքիր բիզնես-պլատֆորմ լինելու հանգամանքը: Հակառակ պարագայում ստացվում է մի իրավիճակ, երբ տնտեսական օրգանիզմի այսպես ասած կենսական անոթները և արյունատար համակարգը կա՛մ հայկական օլիգարխիայի, կա՛մ ռուսական պետական կորպորացիաների սեփականությունն են, ընդ որում կառավարման կասկածելի էֆեկտիվության պայմաններում, իսկ արտաքին ներդրողները հրավիրվում են այսպես ասած հարակից էֆեկտի համար, որպեսզի ապահովվի հանրային գնողունակության որոշակի մի մակարդակ՝ այդ ենթակառուցվածքները «վիտամիններով» ապահովելու համար: Որևէ արտաքին ներդրող չի ցանկանում լինել Հայաստանի օլիգարխիկ համակարգի վիտամին: Այն, որ Շվեյցարիայի դեսպանը, կամ որևէ այլ դիվանագետ չի հնչեցնում պարզ հարցը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը, ամենևին չի նշանակում, որ այդ հարցը չկա: Պարզապես այն չի հնչում գուցե ոչ միայն պատասխանի առանց այդ էլ պարզ լինելու, այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաների պատասխաններին չվստահելու պատճառով:

1in.am
21-11-2017 17:58