«Վսյո, նաֆիգ»

21-11-2017 18:17

ՀՀԿ-ի մոտ Վանաձորում «թղթերով» ամեն բան կարգին է: Մանդատագողության և քաղաքական ուրացման ճանապարհով այսօր վերջապես կայացել է Վանաձորի ավագանու նիստ, որին մասնակցել է դրա անդամների մեծամասնությունը: Ճակատագրի հեգնանքով այնպես ստացվեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից օգտվեցին ոչ թե սահմանադրական կարգն ու Վանաձորը, այլ Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն՝ վանաձորցի կրիմինալ Ակայի՝ Արկադի Փելեշյանի դեմքով: Այսօր վերջինս դարձել է առաջին փոխքաղաքապետ ու, գուցե տարօրինակ հնչի, սակայն ավելի լեգիտիմ է, քան սկանդալային ընտրությունների հետևանքով քաղաքապետի աթոռը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանը: Վերջինս, ի դեպ, տեսանելի ապագայում հայտնվելու է Փելեշյանի ստվերում, որովհետև իշխանությունները, որպես կանոն, տեղերում աշխատում են կրիմինալի հետ, իսկ Ական ուղղակի «գտնված» կադր է: Ավագանու այսօրվա նիստում Մամիկոն Ասլանյանը նշել է, որ չի ցանկանում փողոցային որակումներ տալ լրատվամիջոցների տարաբնույթ հոդվածներին: Գործող քաղաքապետն ավելի պերճախոս քայլ է կատարել, որի ստվերում փողոցային ցանկացած քայլ պարզապես խամրում է. նա առաջին տեղակալ է նշանակել փողոցային բարքերով ապրող Արկադի Փելեշյանին, ով երկուրոպեանոց հարցազրույցում հասցրել է բացահայտել իր կրիմինալ էությունը՝ «վսյո, նաֆիգ» արտահայտությամբ պատասխանելով Քրիստ Մարուքյանին վերաբերող հարցին: ՍԴ որոշման հետ կապված ինտրիգը իշխանության մասով հանգուցալուծվեց. Վանաձորի ավագանին ձևով դարձավ լեգիտիմ, բովանդակությամբ՝ քրեածին: Գրեթե վստահ կարող ենք պնդել, որ կառավարությունը մերժելու է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու «Ելք» դաշինքի պահանջը, և ընդդիմությունը կանգնելու է երկընտրանքի առաջ: Իդեալական կլիներ, որ Սահմանադրական դատարանի որոշումն ընդդիմության համար առիթ դառնար Վանաձորի հասարակությանը սահմանադրականության, ժողովրդավարության շուրջ համախմբելու և արտահերթ ընտրությունների հասնելու համար: Սակայն Հայաստանի ընդդիմությունը նման առիթներից չի օգտվում, և գրեթե կանխատեսելի է, որ «Ելքը» նույնպես փորձելու է արդարությունը փնտրել կառավարության միջանցքներում, դատարաններում՝ ձեռնպահ մնալով հասարակության սուբյեկտության մեծացմանն ուղղված քայլերից: Եթե հասարակությունը գործոն չի դառնում, ապա Վանաձորի օրինակով կոնսոլիդացվում է կրիմինալը: Այս համատեքստում անիմաստ է դառնում նաև «Ելք»-ի ու ԲՀԿ-ի բոյկոտը, որովհետև այդ փաստն այլևս բացարձակապես չի հուզում Վանաձորի ավագանու նոր մեծամասնությանը: Մյուս կողմից՝ ընդդիմադիրների բոյկոտն ուղղված չէ հասարակության ակտիվացմանն ու հրապարակային պայքարին: Մանդատ գողացողը բյուջեից էլ կգողանա, հոգևորական ծեծողը կծեծի նաև ավագանու ընդդիմադիր անդամին: Ըստ այդմ, բարդ է պատկերացնել, թե ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստան»-ի ավագանիները ինչպես են վերահսկելու «գողերի ու կրիմինալի» իշխանությանը:

1in.am
21-11-2017 18:17