Դավթաշենում բարդիներ հատած մարզադպրոցի տնօրենի գործի դատական քննությունն ավարտվեց

21-11-2017 20:09

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց Ալեքսան Սամսոնյանի գործի դատական քննությունը: 51-ամյա Ալեքսան Սամսոնյանը հանրությանը առավել հայտնի դարձավ, երբ 2017 թվականի ապրիլի 8-ի առավոտյան՝ ժամը 10-ն անց 30-ին, Դավթաշենի 1-ին թաղամասի 36/2 հասցեի հարակից տարածքում բենզասղոցով ապօրինի հատեց 21 հատ բարդի: Ըստ փորձաքննության եզրակացության՝ բարդիները անտառային ֆոնդի մեջ չմտնող կենսունակ ծառեր էին՝ 21-ից մինչև 43 սմ տրամագծերով: Երևան համայնքին պատճառվել է 1 միլիոն 920 հազար դրամի գույքային վնաս: Ալեքսան Սամսոնյանը նախաննության սկզբում պնդում էր, թե ծառերը ոչ թե հատել, այլ կատարել է «խորը էտ»: Նախաքննական մարմինը Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով: Դատարանում Ալեքսան Սամսոնյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց, նրա միջնորդությամբ գործը քննվեց արագացված ընթացակարգով: Դատարանը հաշվի առավ, որ գործի քննության ընթացքում՝ 2017 թվականի սեպտեմբերին, ազատության մեջ գտնվող Սամսոնյանը սեփական տեխնիկայով որպես կամավոր մասնակցել է Բյուրականի անտառի և Հրազդան քաղաքի խոտածածկ տարածքի հրդեհաշիջման աշխատանքներին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից Ալեքսան Սամսոնյանը հոկտեմբերի 2-ին պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով: Ալեքսան Սամսոնյանը սննդամթերքով օգնել է «Մարի Իզմիրլյան» մանկատանը և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնին: Ալեքսան Սամսոնյանը Ապրիլյան պատերազմի հատուկ ֆոնդին օգնության նպատակով դեռ 2016 թվականի ապրիլի 9-ին փոխանցել էր 500 հազար դրամ: Դավթաշենում բարդիների հատումից հետո Ալեքսան Սամսոնյանը «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տարածքում բարեգործական նպատակով տնկել է 120 հատ կանադական արծաթափայլ բարդի: Ալեքսան Սամսոնյանն ամբողջությամբ հատուցել է հանցավոր արարքով Երևան համայնքին պատճառած նյութական վնասը: Դատարանը հաշվի է առել, որ Ալեքսան Սամսոնյանի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ 17, 12 և 9 տարեկան, ինչպես նաև՝ վատառողջ մայրը: Ալեքսան Սամսոնյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվեց 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվեկցվեց նրա՝ կալանքի տակ գտնված 18 օրը, վերջնական պատիժ սահմանվեց 5 ամիս 12 օր ազատազրկում: Այս պատիժն էլ պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

1in.am
21-11-2017 20:09