Արա Բաբլոյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացին առնչվող հարցեր

21-11-2017 20:37

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արա Բաբլոյանը շնորհավորել է տիկնոջը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում: ՀՀ ԱԺ նախագահը արժևորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու գործում: Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես գործուն և միակ ձևաչափ: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ անդամ երկրներում ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԽՎ և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կողմից անաչառ դիտորդական առաքելությունների իրականացումը: Արա Բաբլոյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման և ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ: Նա շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցներին Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխմանը նպաստելու համար: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին, որով ընտրությունները գնահատվել են որպես լավ կազմակերպված: Արա Բաբլոյանը խոսել է նաև մեր երկրում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացի, այս գումարման խորհրդարանում կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացվածության, ընդդիմության իրավունքների ավելացման մասին: Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է իր ղեկավարած կառույցի համագործակցությունը Հայաստանի հետ: Տիկին Գիսլադոտիրն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից տրված գնահատականին և ընդգծել մեր երկրում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի կարևորությունը: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենն անդրադարձել է նաև խորհրդարանում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցերին, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելին անցմանը և մարդու իրավունքների պաշտպանության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերին: Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար:

1in.am
21-11-2017 20:37