ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից առաջ Մոսկվան ուզում է Բաքվի ձեռքով սրել իրավիճակը

21-11-2017 20:55

Սերգեյ Լավրովի այցի գլխավոր նպատակն այն էր, որ Մոսկվան ուզում է ասել՝ ինքը կա այս տարածաշրջանում, ակտիվ է, մեծ դեր ունի. ընդ որում՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն՝ Մերձավոր Արևելքում: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ Սոչիում այս օրերին ՌԴ ղեկավարությունը հանդիպում է Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ՝ տարբեր ձևաչափերով, կլինի նաև նախագահների մակարդակով հանդիպումներ. «Հիմա սրանով նրանք ուզում են ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ևս մտնում են այդ առանցքի մեջ: Բայց պարզ է, որ Ռուսաստանին նաև կոնկրետ հարցեր են հետաքրքրում: Ադրբեջանի դեպքում երկու կարևոր հարց կա. նախ Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը ԵՏՄ-ին: Ռուսաստանն ուզում էր հասկանալ, թե որքանով է դա իրական, և որքան հասկանում եմ, Ադրբեջանը մեծ արձագանք չտվեց, այսինքն՝ այդ հարցը ռեալ չէ: Դրա համար Լավրովը Բաքվում հնչեցրեց երկրորդ կարևոր հարցը, ասելով՝ մի սպասեք արագ լուծում: Քանի որ նա ԵՏՄ-ի հարցում բացասական պատասխան ստացավ, դրա համար նման ձևով պատասխանեց»: Հարցին՝ իսկ եթե Ադրբեջանը համաձայներ մտնել ԵՏՄ, դրա գինը լինելու էր Ղարաբա՞ղը, քաղաքագետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդպես պրիմիտիվ է հարցը: Այնպես չէ, որ եթե Ադրբեջանն ասեր՝ այո, մնում եմ ԵՏՄ, Ռուսաստանն էլ կասեր՝ խնդրեմ, վերցրեք Ղարաբաղը: Ոչ, այպես չէ, բայց Լավրովը շոշափեց տրամադրությունները և հասկացավ, որ Բաքուն լուրջ չի վերաբերում ԵՏՄ անդամակցությանը: Դրա համար էլ ասաց՝ Ղարաբաղի հարցում արագ լուծում մի սպասեք: Եթե Ադրբեջանը մի փոքր դրական ազդակ տար, գուցե Լավրովը շեշտադրումները մի քիչ փոխեր»: Մյուս կողմից, ըստ Ստեփան Գրիգորյանի, Ռուսաստանին այնքան էլ պետք չի, որ Ղարաբաղի հարցն այդքան արագ լուծվի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդելու այդ լծակը նա կկորցնի. «Նրանք լավ հասկանում են, որ եթե նույնիսկ հարցը լուծեն հօգուտ Ադրբեջանի, իրենք չգիտեն, թե դա ինչով է ավարտվելու իրենց համար»: Դրանից զատ, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Լավրովը Բաքվում շոշափել է ԵՄ-ի հետ համագործակցության հարցը: «Արևելյան գործընկերության գագաթնաժողովում լինելու է ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը, և այս նոր ձևաչափը Մոսկվային մտահոգում է: Նրանք ուզում են հասկանալ, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանը այդ գագաթնաժողովի հռչակագրի մասին, որն ընդունվելու է նոյեմբերի 24-25-ին: Եթե Ադրբեջանը դեմ լինի հռչակագրին, նա կարող է խանգարել նաև Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը»,- ընդգծեց քաղաքագետը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am
21-11-2017 20:55