Ադրբեջանը մոտ ապագայում կազատագրի «իր օկուպացված հողերը». Ադրբեջանում Վրաստանի դեսպան

21-11-2017 21:40

Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը մոտ ապագայում կազատագրի «իր օկուպացված հողերը»: Այս մասին նա ասել է միջոցառման ժամանակ՝ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, փոխանցում է Trend-ը: Նա նշել է, որ այդ ընթացքում Վրաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել են բարիդրացիական, բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: «Մեր հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն տարածաշրջանի և ողջ աշխարհի համար»,-ասել է դիվանագետը: Խոսելով համատեղ նախագծերի մասին՝ դեսպանը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գործարկումը պատմական իրադարձություն էր: Այդ խողովակաշարն ապահովում է Կասպյան տարածաշրջանի էներգառեսուրսերի փոխադրումը Եվրոպա, հավելել է Շարաշենիձեն: Այդ նախագիծը ցույց տվեց Ադրբեջանի և Վրաստանի եզակի հնարավորությունները Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ասել է նա՝ նշելով այնպիսի նախագծերի կարևորությունը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Էրզրումը և «Հարավային գազային միջանցքը»:

1in.am
21-11-2017 21:40