Լավրովի հայանպաստ տողատակը

21-11-2017 23:36

Երևանում, Հայաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հետոտեսական կարծիք է հայտնել ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարի մասով: «Մենք կվերլուծենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մեր գործընկերների կարծիքները և կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել՝ կարգավորման հասնելու համար: Չափազանց լավատես չեմ կարող լինել, ցավոք սրտի, և կարծում եմ, որ հակամարտությունն արագ չի լուծվի. խնդիրը բարդ է»,-ասել է նա: Լավրովի ասածը բացարձակ ճշմարտություն է, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ ասել է կարգավորում և արդյո՞ք կան երաշխիքներ, որ սառեցված հակամարտությունը մի օր չի հանգեցնելու լայնամասշտաբ պատերազմի: Մեծ իմաստով` ԼՂ հակամարտությունն այն գործիքներից մեկն է, որի միջոցով Ռուսաստանն ապահովում է իր տարածաշրջանային ազդեցությունը, ազդում է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքականության վրա և այսօրվա ստատուս-քվոն մեծապես բխում է հենց Ռուսաստանի շահերից: Հակամարտության կարգավորումը կամ մենեջմենթը Ռուսաստանն իրականացնում է Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ և ինչքան էլ Մոսկվայում պնդեն, թե պահպանվում է պարիտետը, որը խաղաղության երաշխիք է` ինքնին հասկանալի է, որ այն շատ փխրուն է տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակի հետևանքով: Մյուս կողմից` Մոսկվան չի կարող երկարաժամկետ, այսպես կոչված` ինստիտուցիոնալ խաղաղության սպոնսոր լինել, որովհետև ռուսական ազդեցությունը կառուցված է իռացիոնալ հիմքով: Այսօրվա Ռուսաստանը, մեծ հաշվով, տեխնոլոգիապես հետամնաց, կրեատիվիզմից զուրկ երկիր է ու Հայաստանին ու Ադրբեջանին չի կարող առաջարկել ավելի արժեքավոր բան, քան` զենքն է: Բուն ԼՂ խնդիրն արագ լուծում չունի, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները սկզբունքորեն ու տրամագծորեն տարբեր են ու բացի այդ` մոտ ապագայում տեսանելի չէ, որ միջազգային կոնսենսուս կարող է ձևավորվել ԼՂՀ կարգավիճակի, դրանից ածանցվող մյուս խնդիրների վերաբերյալ: Մյուս կողմից` տարածաշրջանային անվտանգության միջազգային կայուն երաշխիքների ստեղծումը հնարավոր կդարձնի ոչ միայն պատերազմի կանխումն, այլ բանակցային բարենպաստ միջավայրի ստեղծումը, ինչը Երևանին ու Բաքվին թույլ կտա վստահության միջավայր ստեղծել փոքր քաղաքական քայլերի միջոցով: Այսպիսի փիլիսոփայության կրող են ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները, որոնք ԼՂ խնդիրը դիտարկում են տարածաշրջանային անվտանգության համակարգում: Վիեննայի պայմանավորվածությունները այս կոնցեպցիայի դրսևորումն են և պատահական չէ, որ դրանք Վաշինգտոնի նախաձեռնության ծնունդ են: Մոսկվային սկզբունքորեն ձեռնտու չէ տարածաշրջանային անվտանգության միջազգային գործիքների ստեղծումը, որովհետև նման հեռանկարը փակում է` սպառազինությունների մատակարարման ճանապարհով հակամարտությունը կարգավորելու Մոսկվայի ճանապարհը: Մյուս կողմից` Ռուսաստանի վերջին հրապարակային դիրքորոշումները ԵԱՀԿ Մշտական խորհրդում, Լավրովի հայտարարությունները Բաքվում և Երևանում հուշում են Մոսկվայի քաղաքականության որոշակի, սկզբունքային խմբագրումների մասին: Այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան արևմտյան գործընկերներից տարածաշրջանային լիդերության որոշակի երաշխիքներ է ստացել` տարածաշրջանում խաղաղության միջազգային երաշխիքների ներդրման դիմաց: Համենայն դեպս, Լավրովի վերջին հրապարակային ելույթների դիվանագիտական տողատակն այն է, որ Մոսկվան կոնսենսուս է ձևավորել Վաշինգտոնի ու Փարիզի հետ, որն առնվազն ճանապարհ է բացում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման հեռանկարի համար:

1in.am
21-11-2017 23:36