iPhone X-ի պատրաստման համար բռնի կերպով ուսանողների են ստիպում աշխատել

22-11-2017 00:37

Apple-ի հիմնական մատակարար Foxconn ընկերությունը Չինաստանի iPhone X արտադրող իր գործարաններում ապօրինաբար օգտագործում է միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողների աշխատանքը: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Թերթն այս մասին իմացել է հենց սովորողներից՝ քաղաքային երկաթուղային տրանսպորտի տեխնիկումի 6 ուսանողից, ովքեր հայտնել են, որ իրենց 3 000 ընկերների հետ 3 ամիս օրական 11 ժամ աշխատել են Չժենչժոու քաղաքում Foxconn-ի գործարանում՝ Apple-ի համար նոր սմարթֆոններ հավաքելով: Ուսանողներն ասել են, որ ուսումնական հաստատությունում իրենց ասել են, որ խոսքն «աշխատանքային փորձի» մասին է, սակայն աշխատանքը կապ չի ունեցել իրենց ապագա մասնագիտության հետ: Ուսանողներից մեկի խոսքով՝ ինքն օրական 1 200 iPhone X է հավաքել: Աշխատանքից հրաժարվել ուսանողները չեն կարողացել. տեխնիկումում նրանց ասել են, որ այլապես նրանք միջնակարգ կրթության մասին փաստաթուղթ չեն ստանա: Բացի դրանից՝ Չինաստանի օրենսդրության և Foxconn-ի կանոնների համաձայն՝ պրակտիկանտ դպրոցականները չեն կարող շաբաթական 40 ժամից ավել աշխատել: Տեխնիկումում հրաժարվել են թերթի համար մեկնաբանել այս տեղեկությունը: Apple և Foxconn ընկերություններում խոստովանել են, որ իրենք գիտեն, որ գործարաններում ուսանողներ են աշխատում և որ նրանց աշխատանքային օրը թույլատրելիից երկար է տևում: Սակայն ընկերությունները նշել են, որ համոզված էին, որ ուսանողները կամավոր են աշխատել, նրանց աշխատանքի համար վճարվել է, ապահովագրություն է տրամադրվել:

1in.am
22-11-2017 00:37