Սաադ Հարիրին վերադարձել է Լիբանան

22-11-2017 07:59

Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սաադ Հարիրին երեքշաբթի երեկոյան Կահիրեից Բեյրութ է ուղևորվել, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Բեյրութում Հարիրին մտադիր է մասնակցել Անկախության օրվա տոնակատարություններին: Կահիրեում քաղաքական գործիչը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ քննարկել էր վերջին իրադարձությունները տարածաշրջանում և իրավիճակը Լիբանանում: Հարիրին Եգիպտոս էր ժամանել Փարիզից, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իրավիճակը Լիբանանում սրվել էր, երբ Հարիրին Էր-Ռիադում նոյեմբերի 4-ին անսպասելիորեն հայտարարել էր հրաժարականի մասին, մեղադրել «Հըզբոլլահ» շիայական շարժմանն ու Իրանին Լիբանանում և արաբական աշխարհում ատելության բռնկման մեջ և հայտարարել իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: Իրանի ԱԳՆ-ը Հարիրիի մեղադրանքներն անվանել էր անհիմն: «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել էր, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, և վարչապետը, հավանաբար, Էր-Ռիադում է պահվում բռնությամբ:

1in.am
22-11-2017 07:59