Հայաստանի տնտեսությունը աննախադեպ աճում է աննախադեպ անկման շնորհիվ. ՀԺ

22-11-2017 09:26

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը անցած տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 17 տոկոս: Ահա այսպիսի անակնկալ ու աստղաբաշխական աճեր է հրապարակել երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Փաստորեն այս տարի առաջին անգամ, ամիսը ամսվա հետ համեմատած, արձանագրվել է, մեղմ ասած, երկնիշ աճ: Իսկ առաջին տասն ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել է 7 տոկոսով: Մինչև տարեվերջ մնացել է երկու ամիս և նույն տեմպերով շարունակվելու դեպքում, տարվա ավարտին կարձանագրվի թերևս 6-7 տոկոս ՏԱՑ-ի աճ: Ու հաշվի առնելով, որ ՏԱՑ-ի ցուցանիշը շատ մոտ է լինում տնտեսական աճի ցուցանիշին, ապա 2017 թվականը կլինի 2012-ից այս կողմ ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած տարին: Այստեղ շատ ուշագրավ մանրուքներ կան: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս ցուցանիշներին: «2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով: Ընթացիկ տարում սա տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) ամենաբարձր մակարդակն է»,- գրել է նա և բերել համեմատական մի քանի գծապատկերներ, որոնք ավելի ցայտուն են դարձնում արձանագրված ցուցանիշները: Իսկ ուշագրավն այն է, թե ինչի շնորհիվ է արձանագրվել այսպիսի աստղաբաշխական աճ: Եթե ուսումնասիրենք ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշները, ապա կպարզվի, որ հոկտեմբերին արձանագրված 17 տոկոսանոց աճի հիմնական «մեղավորը» գյուղատնտեսությունն է, որտեղ աճը գրեթե  35 տոկոս է: Դժվար է նույնիսկ հիշել, թե երբևէ այդպիսի աճ եղե՞լ է Հայաստանում: Բայց սա ունի իր հմայքը: Խնդիրն այն է, որ անցած տարվա հոկտեմբերին գյուղատնտեսությունում արձանագրվեց 30 տոկոս անկում: Այլ կերպ ասած, գյուղոլորտի այս տարվա հոկտեմբերի 35 տոկոսանոց աճը եղել է միայն նրա շնորհիվ, որ անցած տարվա նույն ամսին անկում էր գրանցվել 30 տոկոսով: Պարզ թվաբանական գործողություն: Դուք ունեք 100 հատ խնձոր: Դրանից մի  30 հատը ուտում եք, և ձեզ մոտ մնում է 70 հատ, այսինքն ձեր խնձորների թիվը նվազում է 30 տոկոսով: Սակայն հետո գնում, այգուց հավաքում եք մի 30-35 հատ խնձոր և դնում կերած խնձորների տեղը: Ձեր խնձորների թիվը ավելանում է մի 30-35 տոկոսով: Ընդամենը այսքանը: Ահա սա է տեղի ունեցել գյուղոլորտում: Եվ մեծապես այսպիսի աճի շնորհիվ է, որ արձանագրվել է ՏԱՑ-ի երկնիշ աճ: Ահա այստեղ է, որ գալիս ենք ամենաուշագրավ «մանրուքին»: Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսությունում արձանագրված 20-30 տոկոս անկումը որևէ կերպ չբացատրվեց: Իհարկե, ասացին, թե երաշտ է եղել, ինչ-ինչ այլ պատճառներով քիչ բերք է ստացվել…: Այդ բացատրությունները իրենց տակ որևէ հիմնավորում չունեին, քանի որ գյուղոլորտում 20-30 տոկոս անկումը լրջագույն հարց է և առաջանում է բնակչությանը կերակրելու խնդիր, և պետությունները նման դեպքերում արտակարգ ռեժիմով պետք է ապահովեն բնակչությանը սննդամթերքով: Իսկ այդպիսի ռեժիմ մեկ տարի առաջ չի եղել: Այսինքն, 20-30 տոկոսանոց անկումները իրականում վիճակագրական «ճշգրտումներ» էին: Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը, ըստ որոշ տեղեկությունների,  պարզապես «մաքրել էր» գյուղատնտեսության ոլորտի տարիներ շարունակ կուտակված հավելագրումները: Ու հիմա այդ «մաքրման» աշխատանքների շնորհիվ, որի արդյունքում ստացվեց համեմատության խիստ ցածր բազա, այս տարի արձանագրվեց այսպիսի աճ: Հիմա միակ հարցը, որ ծագում է տվյալ պարագայում, հետևյալն է՝ նոր կառավարությունը անցած տարվա սեպտեմբեր հոկտեմբերին ցուցանիշները հավելագրումներից «մաքրեց» պարզապես «մաքրելու» համա՞ր, թե՞ դա արեց մեկ տարվա հեռահարությամբ այսպիսի ցուցանիշ ստանալու համար: Դա թերևս պարզ կդառնա հաջորդ տարվա հոկտեմբերի պաշտոնական վիճակագրական տվյալներից: Թե ով կլինի այդ ժամանակ վարչապետ, դուրս է տնտեսական հաշվարկների դաշտից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
22-11-2017 09:26