Վրաստանում տուգանում են Ռուսաստանից ժամանող հայ վարորդներին. «Փաստ»

22-11-2017 09:53

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» ահազանգ էր ստացել, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ավտոմեքենա տեղափոխելու ժամանակ ՌԴ–Վրաստան սահմանը հատելիս Լարսի անցակետում մեքենաների վարորդներին տեղեկացրել են, որ ՌԴ տրանզիտ համարներով չեն կարող Վրաստանի տարածքում մեքենա վարել: Առաջարկել են վրացական տրանզիտ համարներ հանել, նոր շարունակել ճանապարհը: Մեզ դիմած վարորդները, բնականաբար, համաձայնել են, սակայն, հայ–վրացական սահմանը հատելուց հետո վարորդներն իրենց համար անհասկանալի պատճառով տուգանվել են 200000 դրամով, իսկ ներկրված մեքենաները հայտնվել են Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում: Այս անհասկանալի պատմության թնջուկները բացելու և ՃՈ–ի կողմից նշանակված այս բավականին մեծ գումարի չափով տուգանք նշանակելու պատճառները պարզելու համար «Փաստը» դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն: Ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ մոտ 10 օր առաջ է Վրաստանը նման օրենք ընդունել` ելնելով այն իրողությունից, որ հարևան երկիրը ԵԱՏՄ անդամ չէ և փաստացի համարվում է երրորդ երկիր և իր տարածքով երթևեկելու համար տրանզիտ համարներ է տրամադրում, ինչը սակայն չի խոչընդոտում, որպեսզի վրացական կողմի տրամադրած տրանզիտ համարներով մեքենաները հասնեն մեր ԳԱԻ և ձևակերպվեն ՌԴ–ից ներմուծված մեքենաների փաստաթղթերը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
22-11-2017 09:53