Պետդեպում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները համեմատել են ամուսնական կյանքի հետ

22-11-2017 10:36

Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը համեմատել է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններն ամուսինների կյանքի հետ՝ մեկաբանելով թուրքական իշխանությունների հայտարարությունը, ըստ որի՝ ձեռնարկատեր Ռեզա Զարաբի դեմ քրեական գործը քաղաքական դավադրություն է ընդդեմ Թուրքիայի: «Վերջերս նրանք (Թուրքիա) մեզ մեղադրել են հեղաշրջման նման երևույթ հրահրելու մեջ: Կասեմ՝ դա ծիծաղաշարժ է»,-նշել է ամերիկացի դիվանագետը ճեպազրույցի ժամանակ: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը մասնակից չի եղել Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած իրադարձություններին, երբ զինվորականները ձեռնարկել էին երկրում իշխանության զավթման փորձ: «Մեր հարաբերություններն այս կամ այլ պետությունների հետ ժամանակ առ ժամանակ կարող են տատանվել, ինչպես ամուսնության մեջ. լինում են լավ օրեր, երբեմն պատահում են նաև վատ օրեր: Երբեմն ինչ-որ մեկն ասում է ինչ-որ բան, ինչի համար այնուհետև զղջում է»,-նշել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը: Նաուերթը նաև ընդգծել է, որ Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը: Գործարար Ռեզա Զարաբին մեղադրում են Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեջ: Անկարայում այդ գործը համարում են քաղաքականապես մոտիվացված:

1in.am
22-11-2017 10:36