Թրամփն առաջին անգամ հնդկահավերի ներման արարողություն է անցկացրել

22-11-2017 11:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին նշվելիք Գոհաբանության տոնի նախօրեին առաջին անգամ ներում է շնորհել երկու հնդկահավի և ազատել նրանց կերակուր դառնալու հնարավորությունից: Նախագահի նստավայրի Վարդագույն այգուց միջոցառման հեռարձակումն իրականացրել է Սպիտակ տունը: «ԱՄՆ-ի գլխավոր հնդկահավ» տիտղոսին արժանացել է Դրամստիք անունով թռչունը: Թրամփը ներել է նաև Ուիշբոուն անունով հնդկահավին, որն արարողությանը ներկա չի գտնվել: Պետության ղեկավարի գործողություններին ուշիուշով հետևել են նրա կինը՝ Մելանյան, և նրանց որդին՝ Բերոնը: Ներման նախօրեին երկու հնդկահավերը գիշերել էին նախագահի նստավայրի դիմաց գտնվող 5-աստղանի հյուրանոցում: Թռչուններն արարողությունից հետո կուղարկվեն Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարան՝ իրենց «գործընկերների» մոտ, որոնց անցած տարի ներել էր նախկին նախագահ Բարաք Օբաման:

1in.am
22-11-2017 11:00