Դեռ ինչքա՞ն պետք է այս լուրերը ստանանք, ինչո՞ւ են տղաները ականի վրա պայթել. Նիկոլ Փաշինյան

22-11-2017 13:19

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նոյեմբերի 21-ին Արցախում ականանետային պայթյունի հետևանքով երեք զինծառայողների զոհվելու դեպքին՝ անելով մի քանի հարցադրումներ: Նա, մասնավորապես, գրել է. «Դեռ ինչքան պետք է այս լուրերը ստանանք և ուղղակի սպասենք հաջորդ այսպիսի հարվածին: Հանրությունը պետք է շատ հստակ պարզաբանում ստանա․ ինչո՞ւ են տղաները ականի վրա պայթել (՞): – Նրանք անկարգապահություն են արել և պայթյունի պահին գտնվել այնտեղ, որտեղ չպե՞տք է գտնվեին: Եթե այսպես է՝ ո՞վ է նրանց հրամանատարը և ինչո՞ւ չի կարողացել կարգ հաստատել իրեն ենթակա կազմի շրջանում: Սա վերաբերվում է նաև այն դեպքին, եթե պայթյունը տեղի է ունեցել ականի հետ անզգույշ վարվելու հետևանքով: – Տարածքը գտնվել է թիկունքո՞ւմ․ այդ դեպքում ինչո՞ւ ականազերծված չի եղել կամ ինչու զգուշացնող նշաններ տեղադրված չեն եղել: – Հակառակորդի ձեռնարկած ականանետային գրոհի հե՞տ գործ ունենք: Այս մասին հաղորդագրության մեջ ոչինչ չկա: Եթե այդպես է՝ նման դեպքերի կանխարգելման կամ կորուստները նվազագույնի հասցնելու մեր մարտավարությունը ո՞րն է: Իհարկե, հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի մանրամասները պարզվում են, բայց չեմ հիշում, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգություններից հետո հանրությունը հասկանալի պարզաբանումներ ստացած լինի: Անթույլատրելի է, որ մենք այս ամենը ընկալենք որպես լրահոսի հերթական վերնագիր: Ամեն կյանքի համար մենք պետք է պատասխան տանք ու պարզաբանումներ ստանանք: Նույնիսկ ոչ տեղին եմ համարում զոհված տղաների հարազատներին ցավակցելը: Որովհետև, եթե մեզնից յուրաքանչյուրը հենց իրե՛ն չի համարում ցավակցության օբյեկտ, ուրեմն այս ամենը վերջնականորեն կդառնա ընդամենը ստանդարտ վերնագիր, լուսանկար ու ոչինչ չասող տեքստ: Մենք սա թույլ չենք տա»:

1in.am
22-11-2017 13:19