«Ողորմելիներ». թեժ իրավիճակ «Սասնա ծռեր-1»-ի գործով դատական նիստում

22-11-2017 13:34

«Սասնա ծռեր 1-ի» գործով՝ Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան և մյուսներ, թեժ իրավիճակ առաջացավ գործով դատական նիստում, երբ մեղադրող Պետրոս Պետրոսյանը Արայիկ Խանդոյանին ամբաստանյալ անվանեց: Արայիկ Խանդոյանը մեղադրողին ասաց՝ ամբաստանյալը դու ես: Նախագահողը, որ արդեն երկու անգամ նախազգուշացրել էր Խանդոյանին, որոշում կայացրեց նրան մեկ ժամով հեռացնել դատարանի դահլիճից: «Մենք կարգ խախտող չենք, այս ողորմելիներն են խախտում»,-դիմելով դատախազներին՝ ասաց Արայիկ Խանդոյանը: Այդ ընթացքում դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը Էդուարդ Գրիգորյանին և Սեդրակ Նազարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը, որից հետո Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Արա Ղարագյոզյանը հայտարարեցին, թե իրենց պաշտպանյալի՝ Խանդոյանի բացակայության պայմաններում չեն կարող մնալ դատարանի դահլիճում: Դատարանի որոշումը՝ Խանդոյանի նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ, պաշտպանները համարեցին ոչ իրավաչափ: Գագիկ Եղիազարյանը հայտարարեց. «Խանդոյանը վրդովվել էր, երբ իր անձը վիրավորող դատախազի՝ Պետրոսյանի դեմ բացարկը մերժեցիք… բոլոր ծռերն են վիրավորվել դրանից, երբ ոչ ադեկվատ անձը դիմում է «ամբաստանյալ» բառով կամ ասում է՝ «արա, դու հըլը ձենդ կտրի», ու հայհոյանքներ է տեղում: Նա վիրավորում է մեզ: Երբ դուք կարգի եք հրավիրում Խանդոյանին, պետք է իմանաք՝ նրան կարգի հրավիրելու կարիք չկա: Դուք չեք հեռացրել վիրավորական արտահայտություն անող դատախազին»: Արեգ Կյուրեղյանը հայտարարեց մեղադրողի վերաբերյալ. «Վիրավորանքի արժանի եք ապրում՝ վիրավորում ենք, ռեժիմի ստրուկներ եք»: Բուռն քննարկման արդյունքում երկու համարձակ որոշում կայացվեց՝ նախ վերանայել նախապես կայացված որոշումը և Արայիկ Խանդոյանին դահլիճ վերադարձնել մեկ ժամը չլրացած՝ ակնկալելով «նրա հետագա վարքագծում փոփոխություններ գործի քննության ողջամիտ ժամկետների տեսակետից»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը, նշելով, որ արձանագրել է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից արված ոչ հարգալից արձագանքը, սանկցիա կիրառեց նաև դատախազ Պետրոսյանի նկատմամբ: Նրան նախազգուշացում հայտարարեց: Արա Ղարագյոզյանը մեկ անգամ ևս խնդրեց իրենց պաշտպանյալներին ամբաստանյալ չկոչել:

1in.am
22-11-2017 13:34