Հայաստանում 11 դրամով կբարձրանա խմելու ջրի սակագինը. ՀԾԿՀ նախագահը հանձնարարակն տվեց «Վեոլիա ջրին»

22-11-2017 13:40

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում քննարկելով «Վեոլիա ջուր» ընկերության հայտը, որոշեց սպառողների համար հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման սակագինը սահմանել 191․4 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Վեոլիա ջուր» ընկերությանը հանձնարարեց 2018 թ. հունվարի 1-ից սկսած եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել ջրի սպառման ծավալները մեծացնելու ուղղությամբ:   Նոյեմբերի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում Ռոբերտ Նազարյանն ընդգծեց, որ Հայաստանում ջրի սպառման ծավալների առումով բազմաթիվ թերություններ կան, և այդ ուղղությամբ «Վեոլիա ջուր» ընկերությունը հսկայական անելիքներ ունի: «Ընկերությունը պետք է հաշվի առնի, որ ամբողջ հանրությունը և մեր հանձնաժողովը իր գործառույթներով հետևողական ենք լինելու, որպեսզի ջրի սպառման ծավալների մեծացնելու առումով պատշաճ աշխատանքներ կատարվեն, ուստի հանձնարարում են 2018 թ. հունվարի 1-ից եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ, որպեսզի թե մեր, թե հանրության համար ամեն ինչ թափանցիկ լինի, ու կարողանանք գնահատական տալ կամ հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել ընկերությանն այդ աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար»,- ընդգծեց Նազարյանը: Նա շեշտեց, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ջրի սպառման ծավալներով պայմանավորված՝ ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագնի թանկացում չլինի: «Սակագնի թանկացման դեպքում, որքան էլ «Վեոլիա ջուր» ընկերությունը լավ աշխատի, միևնույն է հանրությանն այդ աշխատանքը չի գոհացնի, իսկ ես չեմ կարծում, որ ընկերությանը կբավարարի հանրության կողմից իր աշխատանքի նկատմամբ բացասական գնահատականը»,- եզրափակեց ՀԾԿՀ նախագահը:

1in.am
22-11-2017 13:40