Երբ է «Արարատը» «հուպ տալու» «Ղարաբաղին»…

22-11-2017 14:30

Վերջին օրերին հասարակության շրջանում քննարկման լայն առարկա է դարձել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի՝ հայկական ֆուտբոլում լուրջ ներդրումներ անելու մտադրությունը: «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սամվել Կարապետյանը մտադիր է մեր երկրում պահել միանգամից 2 ֆուտբոլային ակումբ, որոնցից յուրաքանչյուրի ստեղծման համար կներդրվի 10-ական միլիոն դոլար: Կարապետյանի ցանկությունն է, որ այդ ակումբները հասնեն մինչև Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլ»,- գրել էր թերթը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարապետյանը ընտրվել էր Մոսկվայի «Արարատ» ակումբի նախագահ: Այս նորությունը ևս ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել երկրպագուների շարքերում: Ակնհայտ է, որ ակումբի նախագահ դառնալը հայ գործարարի կողմից միայն առաջին քայլն էր: Մոսկովյան ակումբի հետ կապված Կարապետյանի մտադրությունները, կարծում ենք, հայտնի կդառնան մոտ ժամանակներս: Նշենք, որ կարճ ժամանակահատվածում «Արարատը» հասցրել է դառնալ հատկապես ռուսաստանաբնակ հայերին միավորող մի օբյեկտ, որը ընդլայնվելու և հզորանալու հեռանկար ունի: Հայաստանում երկու նոր թիմերի հայտնվելը, ինչ խոսք, լուրջ խթան կհանդիսանա Բարձրագույն խմբի առաջնությունը փրկելու: Այսօր բարձրագույն լիգայում ունենք ընդամենը 6 թիմ, որոնց տարեկան բյուջեն ընդհանուր վերցրած չի գերազանցում 5 միլիոն դոլարը: Հայկական թիմերում այսօր հանդես եկող լեգեոներները խաղամակարդակով ըստ էության չեն գերազանցում տեղացիներին: Այսօր դժվար է մտաբերել Հայաստանի առաջնությունում հանդես եկող մեկ-երկու արտասահմանցի խաղացողների, որոնց խաղը տպավորում է: Նույնիսկ կարգով ավելի բարձր լեգեոներները, խաղալով հայկական լիգայում, դեգրադացվում են: Դե բնական է, 6 թիմանոց առաջնությունում անհնար է ամիսներ շարունակ մոտիվացված խաղալ: Թե որքան թիմ կմասնակցի 2018/2019 թվականների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը՝ այս պահին դժվար է ասել: Նշենք, որ բարձրագույն խմբում խաղալու հավակնություններ ունեն «Արցախ» և «Լոռի» ակումբները, որոնք ելույթ են ունենում Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Խիստ մոտավոր կանխատեսումների համաձայն՝ ստացվում է, որ Հայաստանի գալիք առաջնությանը կարող են մասնակցել մոտ 10 թիմեր: Սա նշանակում է, որ անհամեմատ կմեծանա մրցակցությունը, ինչը կմեծացնի նաև հետաքրքրությունը: Ակնհայտ է նաև, որ մեր երկրում սուպերակումբի կամ ակումբների առկայությունը ֆուտբոլասերին մարզադաշտ կբերի: 10 միլիոն դոլարի չափով ներդրումը բացառիկ շարժ կարող է առաջացնել հայկական սպորտում: Յուրաքանչյուր հայ ֆուտբոլասեր այսօր հետևում է Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» ելույթներին և ցավ ապրում, որ մենք չունենք նման մակարդակի թիմ: Շատերը փորձում են սփոփվել՝ հիշատակելով, որ «Ղարաբաղի» կորիզը կազմում են լեգեոներները: Այո, Ադրբեջանի չեմպիոնի առաջատարները հենց դրսից հրավիրված ֆուտբոլիստներն են: Այդ հանգամանքը, սակայն, այսօր կարելի է երկրորդական համարել: Հարևան երկրում ֆուտբոլային բում է: «Ղարաբաղը» դարձել է ֆուտբոլային բրենդ, և դրանով ամեն ինչ ասված է: 2002 թվականին մեր երկրում ֆուտբոլային բում էր առաջացրել Երևանի «Փյունիկը», որը տպավորիչ ելույթներ ունեցավ Եվրագավաթների խաղարկություններում: Այդ ժամանակահատվածում «Փյունիկում» ևս շատ էին դրսից բերված ֆուտբոլիստները, որոնք հասցրել էին դառնալ հայ երկրպագուների սիրելին: Այո, ակումբային ֆուտբոլային կտրվածքով Ադրբեջանի հետ նույնիսկ համեմատվել չենք կարող: Բացի «Ղարաբաղից», ադրբեջանցիներն ունեն նաև «Գաբալա», որը ևս լուրջ հավակնություններ ունի և հասցրել է մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին: Այսօր լուրջ ներդրումներ են արվում նաև ադրբեջանական մյուս ակումբներում: Այսօր Բաքվում «Ղարաբաղը» մրցելու է Անգլիայի չեմպիոն «Չելսիի» հետ: Խաղից դեռևս 10 օր առաջ այս խաղի տոմսերը սպառված են եղել: Ադրբեջանցիների համար ուղղակի հրաշք է, երբ իրենց ֆուտբոլային բրենդը մրցում է «Չելսիի», «Ռոմայի» կամ «Ատլետիկոյի» պես հզորի թիմերի հետ: Հայկական ֆուտբոլի սիմվոլ հանդիսացող «Արարատն» այսօր եզրափակում է բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Հայկական ֆուտբոլում սպասվող ներդրումների մասին տեղեկությունները, սակայն, երկրպագուների շրջանում հույսեր են արթնացրել, որ հայկական «Արարատը» շուտով «հուպ է տալու» ադրբեջանական «Ղարաբաղին»: Բնական է, որ «Ղարաբաղին» հասնելու համար անհրաժեշտ է ճանապարհ անցնել: Այդ ճանապարհին կանգնելը, սակայն, մեր ֆուտբոլի համար, կարծում ենք, լուրջ տեղաշարժ կարող է լինել:

1in.am
22-11-2017 14:30