Վստահ չեմ, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանից ԵՄ-ն կարող է այդ համաձայնագրի իմպլեմենտացիա պահանջել

22-11-2017 15:30

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի հրապարակախոս–վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը: – Նոյեմբերի 24-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիր ստորագրել: Ձեր կարծիքով, այդ ստորագրումից հետո Հայաստանը կմոտենա՞ ԱլԳ առաջատար եռյակին՝ Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային: – Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան որոշակի աշխարհաքաղաքական ընտրություն են կատարել, ստորագրել են կոնկրետ համաձայնագիր Եվրամիության հետ: Եվ այդ ստորագրված համաձայնագիրը բացառում էր համագործակցություն Եվրասիական տնտեսական միության հետ: Հայաստանը ժամանակին ևս ընտրություն կատարեց՝ հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր և դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Այդպիսով Հայաստանը վերցրեց իր վրա որոշակի պարտավորություններ՝ թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական բնույթի: Անկասկած այդ պարտավորությունները հաշվի են առնվել այն ժամանակ, երբ Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիր էր նախապատրաստվում: Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ Արևմուտքի և մասնավորապես Եվրամիության հետ ցանկացած համաձայնագրի ստորագրում Հայաստանի համար միայն դրական առաջընթաց և զարգացում կապահովի: Սակայն միշտ խնդիր կա՝ արդյոք այդ համաձայնագրերը պարտավորեցնող բնույթ կունենան: Օրինակ՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում դրանք պարտավորեցնող բնույթ ունեն, որոնք մի շարք օրենսդրական բնույթի իմպլեմենտացիաներ են պահանջում: Ուկրաինան այժմ միայն 30 տոկոսով է կատարել այն բոլոր պահանջները, որոնք ներառված են Ասոցացման համաձայնագրում: Ես վստահություն չունեմ, որ ԵԱՏՄ անդամ երկրի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն կարող է իմպլեմենտացիա պահանջել, այսինքն՝ Հայաստանի օրենսդրական դաշտը չի կարող համապատասխանեցվել ԵՄ-ին, որովհետև, եթե օբյեկտիվ նայենք՝ Հայաստանի օրենսդրական դաշտն այսօր սինխրոնացված է ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությանը: – Այնուամենայնիվ շատերը կարծում են, որ դա քայլ է ԵՄ-ին գոնե որոշակիորեն մոտենալ, նույնիսկ նշվում է, որ գովելի է, որ ԵԱՏՄ անդամ երկիրը նման հավակնոտ համաձայնագիր է ստորագրում Եվրամիության հետ: – Ես համաձայն եմ: Ասեմ ավելին՝ հուսով եմ, որ սա նախադեպ կլինի նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար՝ օրինակ, Բելառուսի և Ղազախստանի համար: Բայց ես ավելի հակված եմ խոսել ոչ թե նախադեպի, այլ ստորագրվող փաստաթղթի արժեքի մասին, իսկ դա շատ կարճ ժամանակահատվածում պարզ կդառնա: – Ռուսաստանում ստորագրման նախօրեին ակտիվացել է Հայաստանի դեմ ուղղված քարոզչությունը, նույնիսկ համեմատում են Ուկրաինայի հետ՝ նշելով, որ Ռուսաստանից պոկվելու փորձեր է անում Հայաստանը: Ի՞նչ հիմքեր ունեն այդ մտահոգությունները, ըստ Ձեզ: – Ես կարծում եմ, որ Հայաստանը ստորագրելով համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ՝ իր վրա վերցրել է որոշակի պարտավորություններ, և Եվրամիության հետ այդ նոր փաստաթուղթը ոչ մի կերպ Հայաստանին չի ազատում ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավորություններից: Ես չէի չափազանցի այդ փաստաթղթի կարևորությունը՝ այն իմաստով, որ Երևանը բավականին լուրջ պարտավորություններ ունի ԵԱՏՄ-ի առջև:

1in.am
22-11-2017 15:30