«Սասնա Ծռեր» խմբավորման կոչը ընդդիմադիր գործիչներին

22-11-2017 15:27

«Սասնա Ծռեր» խմբավորումը կոչ է հղել ընդդիմադիր գործիչներին, որում մասնավորապես ասվում է. «Տարիներ շարունակ ազգովին կանգնած ենք լինել-չլինելու մարտահրավերը ցուցանող կարմիր գծի առաջ: Սակայն, կարմիր գիծը տեսնելու և, ըստ այդմ՝ որոշում կայացնելու ու գործելու փոխարեն՝ իրեն ընդդիմադիր համարող քաղաքական դասի գերակշիռ մեծամասնությունը շարունակում է մնալ մեզ այդ կարմիր գծին հասցրած ռուսական գաղութային համակարգի ներսում: Նա շարունակում է մասնակցել համակարգի վերարտադրությունն ապահովող «ընտրություններին» ու ընթացիկ գործունեությանը և սպասարկել նրա թելադրած օրակարգը, որը հիմնվում է հետևյալ երեք կեղծիքների վրա: ա/ Արցախի «անկախության» և առանց Արցախի ու Նախիջևանի Հայաստանի Հանրապետության լինելիության հնարավորություն, ինչն ամրապնդում է ռուս-թուրքական արդեն մեկդարյա պայմանագրերով ձևավորված ու հայկական ազգային-պետական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետությունը, որը ռուսական գաղութային համակարգի հենքն է, բ/ Ռուսաստանի հետ «ռազմավարական դաշնակցության» և դրա այլընտրանքի բացառում, մինչդեռ այն Ռուսաստանից Հայաստանի կախյալությունն ապահովող լծակն է, գ/ այսպես կոչված Երրորդ Հանրապետությունը ազգային ինքնիշխան պետական համակարգ համարելը, մինչդեռ այն ընդամենը որպես ռուսական գաղութային համակարգի գործիք ծառայող գաղութային վարչակազմ է: Այդ պատճառով իրենց ընդդիմադիր համարող գործիչները պարտավոր են դուրս գալ գաղութային համակարգից և միասնաբար լծվել ազգային օրակարգի առաջանահերթ՝ Ռուսաստանից ապագաղութացման (Armexit) հարցի լուծման գործին: «Խոհեմ» լինելու, լեզու գտնելու, մանյակի քայլերով առաջ գնալու, ժամանակ շահելու՝ ավելի քան երկու տասնամյակ որդեգրած ռազմավարությունը ռուսական գաղութատիրությանը մինչև մեր վերջնական սպառումը սնուցելու ռազմավարություն է՝ ինքնախաբեության և ինքնաոչնչացման դավաճանական ռազմավարություն: Համախմբվել, ժողովրդին ոստքի հանել, ընդվզմամբ հեռացնել գաղութային վարչակազմին, մերժել տարածաշրջանի ռուս-թուրք ճարտարապետությունը և կոտրել Ռուսաստանից Հայաստանի կախյալության լծակը: Սրանք են մեր ապագաղութացման (Armexit) հիմնական քայլերը: Առանց ապագաղութացման մենք դատապարտված ենք: Մենք ժամանակ չունենք, ուստի, թեև ներկայիս ժամանակի հեռանկարը նպաստավոր է, առանց ապագաղութացման նշված քայլերի այն մեր դեմ է աշխատում: Քանի որ Հայաստանն արյունաքամ է լինում: Ընդդիմադիր համարվող գործիչնե՛ր, ձեր աչքը ծակող և ձեր ոտքի տակն այրող կարմիր գիծը Հայաստանի արյան գույնն ու գինն ունի»:

1in.am
22-11-2017 15:27