Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման

22-11-2017 18:53

Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Վճիռը կայացրել է նախկին Հարավսլավիայի ռազմական հանցագործությունների հարցերով Հաագայի դատարանը՝ նախկին գեներալին մեղավոր ճանաչելով ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն: Հանցագործություններից գլխավորը, որն իրականացվել է Ռատկո Մլադիչի հրամանով, Սրեբրեննիցայի կոտորածն է, որտեղ 1995 թվականին սպանվել են ավելի քան 7000 մուսուլմաններ՝ տղամարդիկ և տղաներ: Ռատկո Մլադիչի փաստաբանն ու որդին արդեն հայտարարել են, որ կբողոքարկեն վճիռը: Մլադիչին մեղադրում են նաև Սարաևոյի պաշարման ժամանակ բազմաթիվ մարդկային կորուստների համար: Պաշարումը շարունակվել է մոտ 3.5 տարի, այդ ընթացքում քաղաքում զոհվել է ավելի քան 10 հազար մարդ: Նախկին գեներալը, ով ներկայում 75 տարեկան է, թաքնվել է միջազգային տրիբունալից 16 տարի: Նա ձերբակալվել է 2011 թվականի մայիսին սերբական հատուկծառայությունների գործողության արդյունքում և ուղակվել Հաագա: Մլադիչը հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները: Նա դատարանում ասել է, որ պարզապես պաշտպանել է իր ժողովրդին քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այսօր կայացած նիստի սկզբում Մլադիչն ինչ-որ բան է բղավել և հեռացվել դահլիճից: Վճիռը հրապարակվել է առանց նրա:

1in.am
22-11-2017 18:53