Մեր թիրախը ՀՀԿ-ն է, իսկ ՀՎԿ-ն վերադարձել է իր ակունքներին. Էդմոն Մարուքյան

22-11-2017 17:35

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: – Պարոն Մարուքյան, վաղը տեղի է ունենալու Վանաձորի ավագանու նիստը: Երեկ տեղի է ունեցել արտահերթ նիստ, որի ժամանակ Արկադի Փելեշյանը դարձավ փոխքաղաքապետ: ԼՀ-ն դիմել է կառավարությանը նոր ընտրություններ կազմակերպելու պահանջով: Եթե կառավարությունը մերժի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը: – Մեծ հաշվով դա կախված է կառավարության մերժման բովանդակությունից, տեսնենք, թե ինչ հիմնավորմամբ են մերժելու, որովհետև մենք նաև Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքն ենք ուսումնասիրում, ուզում ենք հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է դիմել ՍԴ և պահանջել պարզաբանում ընդունված որոշման կատարման հետ կապված: Ըստ ՍԴ այս որոշման՝ մենք կարծում ենք, որ կառավարության կողմից այս ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, որովհետև ՍԴ-ն ոչ միայն այդ նորմն է հակասահմանադրական ճանաչել, այլև ավագանու մեկ տարվա գործունեությունը և գործունեության արդյունք որոշումները: Դա նշանակում է, որ չունենալով իրավազորություն՝ նաև չպետք է գումարվեն նիստեր: Գործում է օրենքի մյուս դրույթը, ըստ որի՝ եթե վեց ամիս ավագանին իրավազորություն չի ունենում գումարելու նիստեր, պետք է ավագանին լուծարվի, և նշանակվեն արտահերթ ընտրություններ: Սա շատ պարզ է և հստակ, և հենց այդ պահանջով էլ դիմել ենք կառավարություն՝ կիրառելու ՍԴ որոշումը, որովհետև դրա կիրառողը մենք չենք, ըստ օրենքի՝ կառավարությունն է: Կլինի կառավարության որոշումը, դրանից հետո կքննարկենք և՛ կուսակցության խորհրդում, և՛ տարածքային կառույցում ու որոշում կկայացնենք հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես որ միշտ եղել է: – Արկադի Փելեշյանը երեկ լրագրողների հետ զրույցում մեղադրանքներ հնչեցրեց Քրիստ Մարուքյանի հասցեին, ասաց, որ ընտրել է նրան, բայց փոշմանել է, որովհետև այս ընթացքում Քրիստ Մարուքյանը որևէ քայլ չի ձեռնարկել: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս մեկնաբանությունը: – Ինձ շատերն են հարցնում՝ ինչո՞ւ է Փելեշյանն անընդհատ շեշտում, որ ինքն ընտրել է Քրիստ Մարուքյանին: Քաղաքում կա ձևավորված աուրա, որ չորս մարդ ստորագրել է մի փաստաթղթի տակ, եկել է պայմանավորվածության և գնացել այլ կերպ քվեարկություն կատարել: Կարծում եմ՝ Արկադի Փելեշյանը ճիշտ է ասում: Հենց ինքն ընտրել է Քրիստ Մարուքյանին: Բայց այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ նա ընտրել է, որպեսզի հետո իր շրջապատում, ձեզ հետ հարցազրույցներում պնդի, որ ինքն ընտրել է Քրիստ Մարուքյանին, այսինքն՝ ինքը պահպանել է հուշագիրը, բայց այն, որ ինքը ստանձնել էր պատասխանատվություն, որ պետք է հինգ ավագանիները քվեարկեն ըստ հուշագրի, տեղի չի ունեցել, որովհետև ինքն ընտրել է, բայց մյուս չորսը չեն ընտրել: Փաստ է, որ իրենց խմբակցությունից չորս մարդ չեն քվեարկել: Քանի որ ինքն անընդհատ պնդում է, որ ինքն ընտրել է, մենք կարող ենք հավատալ, որ ինքն ընտրել է, բայց մնացած չորսը չեն ընտրել, արդյունքում խախտվել է պայմանավորվածությունը, և հետևաբար իրենց հետ հանդիպելու որևէ իմաստ մենք չենք տեսել: – Այսինքն՝ դուք ի սկզբանե իմացե՞լ էիք, որ ՀՎԿ-ն չի քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: – Այո, մենք իմացել ենք, որ ՀՎԿ-ից էին քվեարկողները: Ավելին ասեմ, ես թողել եմ, որ իրենք ինքնաբացահայտվեն: Հուշագրի խախտումից հետո պետք է հանդիպեինք, որ ի՞նչ խոսեինք իրենց հետ: Հիմա շատ նորմալ բան է տեղի ունեցել, ում ընտրել էին որպես ֆրակցիա, նրա հետ էլ հուշագիր են ստորագրել և այդ հուշագիրը կյանքի են կոչում: Իրենք վերադարձել են իրենց ակունքներին, իսկ հիասթափությունը, որ փոշմանել է և այլն, ես չեմ ցանկանում մեկնաբանել Արկադի Փելեշյանի որևէ հայտարարություն, որովհետև տպավորություն ունեմ, որ հանրապետականները փորձում են Արկադի Փելեշյանին դարձնել մեզ համար թիրախ, որովհետև մենք այդպիսի թիրախ չունենք, մեր թիրախը ՀՀԿ-ն է, իշխանությունները, որոնք քաղաքում գողացել են իշխանությունը, մեկ տարի զբաղված են եղել թալանով, և նույնը շարունակվելու է այսուհետ նույնպես, եթե ճգնաժամի հանգուցալուծումը չտրվի: Հետևաբար մենք կռիվ չունենք ՀՎԿ-ի հետ, մեզ համար անիմաստ զբաղմունք կլինի, մեր կռիվը ՀՀԿ-ի հետ է, և ես հուսով եմ, որ որևէ մեկը չի փորձի այս ընթացքում օգտագործվել ՀՀԿ-ի կողմից կամ այդ կռվի մեջ ինչ-որ դերակատարում ունենալ: – Որքան էլ հուշագիրը խախտվել է, ԲՀԿ-ն շարունակո՞ւմ է արդյոք աջակցել, դիմե՞լ եք նրանց միասին քայլեր ձեռնարկելու: – Մենք ԲՀԿ-ի հետ անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք Վանաձորի հետ կապված, այսինքն՝ կապ կա, և քննարկում ենք այդ խնդիրները: Եթե այդ կապը չլիներ, և այդ համագործակցությունը չլիներ, նաև այս կազմակերպված բոյկոտը չէր լինի: Եվ ԲՀԿ-ն նույնպես սպասում է կառավարության որոշմանը, ինչպես մենք: – ՍԴ որոշումից հետո եթե անգամ կառավարությունը մերժի ձեր պահանջը, ի՞նչ է լինելու մեկ տարվա ավագանու որոշումների հետ: – Ավագանու կողմից կայացված բոլոր որոշումները պետք է նորից ընդունվեն, բայց այստեղ մեկ կարևոր հանգամանք կա. դրանք կարող են նորից ընդունվել մեկ դեպքում, եթե համարվի, որ ավագանին կարող է շարունակել գործել: Այսինքն՝ եթե համարվի, որ կարող է շարունակել գործել, ուրեմն նրանք այլևս ոչ թե 15, այլ նորմալ ընթացակարգով, ճիշտ քվորում ապահովելով պետք է նույն որոշումները երկրորդ անգամ ընդունեն: Ստացվում է, որ ավագանին մեկ տարի ինչով զբաղվել է, այդ ամենը ջուրն է լցվել, և դա որևէ ուժ չունի, այսինքն՝ ավագանին մեկ տարի ժամավաճառությամբ է զբաղվել բոլոր նիստերի ժամանակ: Եվ նաև սա է մեզ հիմք տալիս պնդելու, որ ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, նոր արտահերթ ընտրություններ հայտարարվեն, և սա կլինի ճգնաժամի հաղթահարման լավագույն հանգուցալուծումը: – Վանաձորում ինչպե՞ս են գնահատում ՀՎԿ-ի քայլը: – Այսօրվա միացումը քաղաքում որևէ էյֆորիա չի բերել, դեպրեսիվ, հիասթափված մթնոլորտ է, որ մարդիկ կարող են ընդդիմադիր ձայները տանել միացնել ՀՀԿ-ին: Նրանք մի բան պետք է հիշեն՝ այն ձայները, որոնք տրվել են իրենց, նրանք տրվել են որպես ընդդեմ ՀՀԿ-ի ձայներ, և այդ ձայներն են, որ տարվել միացրել են ՀՀԿ-ին: Եվ բնական է, որ սա հանգուցալուծում չեն համարում: – ՀՎԿ-ն հայտարարում է, որ իրենք կլինեն ընդդիմադիր Վանաձորի ավագանիում: – Սա տարրական աբսուրդ է, որովհետև չի կարող մի ուժ, որը որպես ընդդիմադիր՝ ձայներ է ստացել, ընդդիմադիր ձայներով հնարավորություն է ունեցել քաղաքում ձևավորելու իշխանություն, որը հանրապետական իշխանությունը չէր լինելու: Եվ ըստ էության այս հնարավորությունը վաճառվել է ՀՀԿ-ին մեկ տարի առաջ, և հիմա ասել, որ մենք ընդդիմադիր ենք, կարծում եմ՝ մարդկանց մեջ ծիծաղ է առաջացնում, իրենք դարձել են ՀՀԿ-ի մի մասը Վանաձոր քաղաքում և ՀՀԿ-ի հետ հուշագիր են ստորագրել, որպեսզի քաղաքի կառավարմանը մասնակցեն և ստանան պաշտոններ:

1in.am
22-11-2017 17:35