Լիբանանի վարչապետը մտափոխվել է հրաժարականի հարցում

22-11-2017 16:30

Նոյեմբերի սկզբին իր հրաժարականի մասին հայտարարած՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին երկրի նախագահի հետ հանդիպումից հետո մտափոխվել է պաշտոնից հեռանալու հարցում: Այս մասին հայտնում է Al-Mayadeen հեռուստաալիքը: «Ես հրաժարականի մասին հայտարարություն տվեցի երկրի նախագահին, նա ինձ խնդրեց սպասել, ես համաձայնվեցի և հետաձգեցի հրաժարականս»,- ասել է Հարիրին, ով Լիբանան է վերադարձել ավելի քան երկու շաբաթ Սաուդյան Արաբիայում մնալուց հետո: «Աունը խնդրեց սպասել (հրաժարականի հարցում)՝ հրաժարականի պատճառների վերաբերյալ խորհրդակցության համար, ես նրան ընդառաջեցի»,- ասել է Հարիրին: Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է նախագահի հետ մանրամասն երկխոսության և համագործակցության մի շարք տարաձայնություններ հարթելու համար: Իրավիճակը Լիբանանում սրվել էր, երբ Հարիրին Էր-Ռիադում նոյեմբերի 4-ին անսպասելիորեն հայտարարել էր հրաժարականի մասին, մեղադրել «Հըզբոլլահ» շիայական շարժմանն ու Իրանին Լիբանանում և արաբական աշխարհում ատելության բռնկման մեջ և հայտարարել իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: Իրանի ԱԳՆ-ը Հարիրիի մեղադրանքներն անվանել էր անհիմն: «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել էր, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, և վարչապետը, հավանաբար, Էր-Ռիադում է պահվում բռնությամբ:

1in.am
22-11-2017 16:30