Չլինի կոռուպցիա, բոլորը ծառայեն, լինի կրթության անընդհատություն. ուսանողների առաջարկները ՊՆ-ին

22-11-2017 16:02

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն Ազգային ժողովում պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ քննարկմանը ներկայացրին  ակադեմիական տարկետման իրավունքի ճկուն քաղաքականություն ձևավորելու  իրենց առաջարկները: Նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն ընդգծեց, որ իրենք առաջարկում են Հայաստանի կառավարության լիազորությունների շրջանակներում և կառավարության սահմանած կարգով մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել ՀՀ գիտական և կրթական համակարգի զարգացումը, սահմանափակ թվով շնորհալի երիտասարդների ուսումնառության անընդհատությունը և բոլոր կոռուպցիոն երևույթների չեզոքացումը: «Այս տեսանկյունից ընդունելի կարող է լինել հետևյալ սկզբունքների որդեգրումը. տարկետման իրավունքի տրամադրման հիմքում դնել որոշակի սկզբունքներ, ինչպիսիք կարող են լինել գիտական ուղղության գերակայությունը, տվյալ բնագավառում լրացուցիչ կադրերի անհրաժեշտությունը և տվյալ հաստատության մասնագետների նվաճումը միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան: Ակադեմիական տարկետման իրավունքը կապել և անհատի, և գիտական ուղղության և գիտակրթական հաստատության հետ: Կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովին պետք է վերապահվի տարկետման իրավունքի հավակնորդների վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն կայացնելու լիազորություն` ըստ նրանց մասնագիտական որակների: Ասպիրանտուրա ընդունված և թեկնածուական ատենախոսություն պաշտպանած երիտասարդին պարտադիր զինծառայությունից ազատելու կարգը հստակեցնելու նպատակով նրա հետ կնքվելիք առանձին պայմանագրով պետք է ամրագրվի դրույթ, տվյալ երիտասարդը պետք է պարտավորվի առնվազն մինչև 5 տարի ժամկետով աշխատել այն գիտական հաստատությունում, որը երաշխավորել է իրեն տարկետում տրամադրելու  համար»,-  ասաց Բալդարյանը: Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց իրենց երկրորդ առաջարկը, «Մենք մշակել ենք մի առաջարկ, որը կպահպանի թե կրթության անընդհատության սկզբունքը, թե ավելի իրատեսական կդարձնի «բոլորը պետք է ծառայեն» սկզբունքը: Մենք առաջարկում ենք, որ երիտասարդը հնարավորություն ունենա բակալավրում ուսումնառության 4 տարվա ընթացքում  1.5 տարին անցնել զինվորական ծառայություն: Այսինքն, մենք առաջարկում ենք 4 տարվա ընթացքում 1.5 տարին բաժանել 4-ական ամիս ծառայության ժամկետի: Սա հնարավորություն է տալիս, որ մենք ոչ թե բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ: Այս դեպքում ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը չի խախտվում և նա միևնույն ժամանակ անցնում է ծառայություն: Սրա արդյունքում մենք չենք խախտում կրթության անընդհատության սկզբունքը, իսկ բանակը համալրվում է գրագետ երիտասարդներով, քանի որ բակալավրիատում սովորելու ընթացքում ուսանողը գիտելիքների մեծ աճ է ունենում, իսկ այդ ընթացքում պահպանվում է նաև նրա կապը բանակի հետ»,- ընդգծեց Պետրոսյանը: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հնչած բոլոր առաջարկները և դիտողությունները կքննարկվեն, սակայն հավելեց, որ տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն ունենալու վերաբերյալ իրենց տեսակետները համընկնում են: «Այսինքն, դուք ասում եք, որ կառավարությանն առաջարկում եք մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, մենք էլ ասում ենք, որ այդ ճկուն քաղաքականության մշակման աշխատանքներին կարող եք մասնակցել նաև դուք: Եվ ես կարծում եմ, որ ձեր մասնակցելն այդ աշխատանքներին ճիշտ կլինի»,- ընդգծեց Շարմազանովը:  

1in.am
22-11-2017 16:02