Թբիլիսիում հատուկջոկատայինները վերսկսել են շենքի գրոհը

22-11-2017 15:52

Վրաստանի հատուկ նշանակության ջոկատը վերսկսել է Թբիլիսիի ծայրամասի շենքի գրոհը, որի երկրորդ հարկում են գտնվում ահաբեկչության մեջ կասկածվողները: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Ալիքը ներկայացրել է կադրեր բնակելի շենքի տանիքից, որտեղ ընթանում է հատուկ գործողությունը: Հատուկ նշանակության ջոկատն արցունքաբեր գազ է կիրառում, շենքում գտնվողները պատուհաններից նռնակներ են նետում: «Ինտենսիվ հրաձգությունը շարունակվում է: Բնակարանը, որտեղ գտնվում են ենթադրյալ ահաբեկիչները, ուժեղ ծխով է ծածկվել: Շենքում ապրող բոլոր մարդիկ տարհանվել են»,- հայտնում է հեռուստաընկերությունը: Հատուկ գործողությունը շարունակվում է մոտ 19 ժամ: Ավելի վաղ Վրաստանի պետանվտանգության ծառայության հաղորդագրությունում ասվում էր, որ Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է անցկացվում, արգելափակված կասկածյալները կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել էր, որ հատուկ գործողության նպատակը 2 օտարերկրացիների ձերբակալելն է, ովքեր կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ:

1in.am
22-11-2017 15:52