ԴԱԵՇ-ի շարքերը համալրել են նշանակալի թվով գրոհայիններ Հայաստանի սահմանակից երկրներից. ԱԳՆ

22-11-2017 15:43

Այսօր որևէ այլ վայրում քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության վրա հիմնված հանցագործություններն այդքան տարածված չեն, որքան Մերձավոր Արևելքում, որտեղ սկիզբ են առել աշխարհի խոշոր կրոններից երեքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին,  Երևանում «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա, իր ելույթում , մասնավորապես, նշել է. «Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս է կազմել: Մերձավոր Արևելքի այս բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում: Սակայն ազգայնականության և կրոնական արմատականության ալիքները էականորեն փոխել են տարածաշրջանի կրոնական և էթնիկ կառուցվածքը: Արդյունքում, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թիվը էականորեն կրճատվել է` 20-րդ դարի սկզբում կազմելով բնակչության շուրջ 20%-ը դարավերջին հասնելով 5%-ի, և էլ ավելի նվազելով 21-րդ դարի սկզբում: Իրաքում քրիստոնյաների թիվը վերջին տասնամյակում նվազեց 80%-ով: Սիրիայում քրիստոնյա բնակչության թիվը միայն վերջին վեց տարիների ընթացքում 1 միլիոն 250 հազարից իջել է շուրջ 500,000-ի: Սիրիայում ժամանակին ծաղկուն հայկական համայնքը նույնպես կտրուկ կրճատվել է: Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Իրաքում եզդի ժողովուրդը Մերձավոր Արևելքում կրոնական հենքի վրա բռնությունների հիմնական զոհներից մեկն է Միջազգային հանրությունը ճանաչել է ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի, նրանց մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ իրականացված բարբարոսական գործողությունների ցեղասպան բնույթը: Հայաստանը բարձրաձայնել է եզդի ժողովրդի պաշտպանության խնդիրը բազմաթիվ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում: Կրոնական խմբերի անդամների զանգվածային արտահոսքը այս տարածաշրջանից մեծամասամբ հանդիսանում է անմարդկային գաղափարախոսության և ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված վայրագությունների հետևանք: Անհրաժեշտ է նորից և նորից հստակեցնել, որ կրոնը որևէ առնչություն չունի ահաբեկիչների հետ, որոնք այն շահարկում են իրենց նպատակաների համար: Այստեղ մենք գործ ուեննք ԴԱԵՇ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից քաղաքակրթությունների դեմ իրականացված հանցագործությունների հետ: Մենք խստագույնս դատապարտում ենք այդ գործողությունները: Մերձավոր Արևելքի բազմազանության և հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում: Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն և ԵԱՀԿ միջերկրածովյա գործընկերներն ընդհանուր ամուր շահեր ունեն այս առումով: Մերձավորարևելյան ռազմական թատերաբեմից վերադարձող ահաբեկիչները սպառնում են ոչ միայն իրենց ծագման երկրների անվտանգությանը, այլև կարող են ապակայունացնող գործոն հանդիսանալ այլ տարածաշրջանների համար` սրելով ճգնաժամային իրավիճակները և տարածաշրջանային հակամարտությունները: ԴԱԵՇ-ի ոճով գլխատումները և այլ զազրելի վայրագություններն արդեն իսկ միայն Մերձավոր Արևելքով չեն սահմանափակվում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԴԱԵՇ-ի շարքերը համալրել են նշանակալի թվով գրոհայիններ ԵԱՀԿ մասնակից այն երկրներից, որոնք սահմանակցում են Հայաստանին: Դա անհանգստացնող հանգամանք է մեզ համար, և համոզված եմ ԵԱՀԿ բազմաթիվ մասնակից երկրներ կիսում են այս մտահոգությունը:  

1in.am
22-11-2017 15:43