Իշխանության ստորաքարշությունը. երբ հերոսին գնահատում են միայն խոսքով…

22-11-2017 19:10

Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ, որում մասնավորապես ասված է. «Նա Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր, որ իր գործունեությամբ, պայքարով ու նահատակությամբ գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը»: Սերժ Սարգսյանը ոչինչ չի չափազանցել և ուղերձի մակարդակում ըստ արժանվույն գնահատել է անկախության գաղափարական մարտիկի անուրանալի դերը Արցախյան պատերազմում: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Լեոնիդ Ազգալդյանը մեր հասարակության կողմից ամենասիրված հերոսներից մեկն է, և հաստատ նախագահական ուղերձները չեն, որ պետք է ձևավորեն նրա հանրային ընկալումը, կերպարը: Սերժ Սարգսյանն ավելի ճիշտ կաներ, որ Ազգալդյանի կերպարն արժևորեր իր կուսակցական միջավայրում, օրինակ՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների մոտ, ովքեր փաստորեն հակադրվել են իրենց առաջնորդի տեսակետին և մերժել են Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով վերանվանելու «Ելք» խմբակցության առաջարկությունը: Մյուս կողմից՝ խիստ կասկածում ենք, որ ՀՀԿ ինչ-որ մակարդակում որևէ մեկը հանդգներ հակադրվել Սերժ Սարգսյանին: Մնում է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, հերոսներին արժևորում են միայն նրանց տարեդարձի կամ նահատակության օրերին, այն էլ՝ բաժակաճառի, քարոզչության, PR-ի մակարդակում, իսկ երբ բանը հասնում է փողոց անվանակոչելուն, Տարոն Մարգարյանից մինչև Սերժ Սարգսյան ճգնում են Պուտինին կամ նույնիսկ ռուսաստանցի միջակ փորձագետի համոզել, որ հատկապես իրենք Լենինգրադյան փողոցը «պաշտպանեցին» Լեոնիդ Ազգալդյանի «հարձակումից»: Լենինգրադ անունով քաղաք Ռուսաստանում վաղուց չկա, բայց մերոնք ատամներով պաշտպանում են Լենինգրադյան փողոցի «թասիբը»՝ հեղափոխության մեծ առաջնորդի, ավելի հավանական է՝ Պուտինի խաթր, որ ռուսական ցարը նկատի, թե Հայաստանի իր նազիր-վեզիրներն ինչպիսի պատկառանքով են վերաբերվում իր ծննդավայրի հին ու նոր անուններին: Հետաքրքիր է, երբ քննարկվում էր Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անունով կոչելու հարցը, իշխանությունները չէի՞ն հիշում, որ նա գրել է մեր ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը, թե՞ բացառությամբ մեկ օրվա՝ տարվա մյուս բոլոր օրերին իշխանությունների համար հերոս է Պուտինը, որովհետև Հայաստանի «ասողն» է: Եթե այդպես է, մեր իշխանություններն ինչո՞ւ են նեղանում, որ ռուսները Գարեգին Նժդեհին ֆաշիստ են համարում՝ պահանջելով Երևանից հեռացնել նրա արձանը: Ռուսները Նժդեհի հարցով պարզապես մի թեթև նվաստացնում են ՀՀԿ-ին: Եթե շատ ուզեն, Նժդեհի արձանը կհանվի՝ ճիշտ այնպես, ինչպես Լենինգրադյան փողոցը չի անվանակոչվում Լեոնիդ Ազգալդյանի անունով:

1in.am
22-11-2017 19:10