Շարժումը գաղափարական է և չի կարող մաշեցվել, քննարկումը ժամանակի կորուստ չէր․ Գարիկ Պետրոսյան

22-11-2017 19:17

«Քննարկումները բավականին լավ էին ընթանում, ու դիմացի կողմը պատրաստակամություն էր հայտնում մեր առաջ քաշած խնդիրները լուծելու»: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում մեկնարկած Կլոր սեղան քննարկումներին՝ տարկետման ներկայի ձևի փոփոխության վերաբերյալ: «Թե ինչ ճանապարհով կլուծեն՝ օրենքի փոփոխությամբ, թե՞ ենթաօրենսդրական ակտերով, դա արդեն երկրորդական է: Եթե իսկապես կկարողանան ենթաօրենսդրական ակտերով լուծել մեր բոլոր բարձրացրած խնդիրները, որոնց հետ իրենք նույնպես համաձայն են, կարևորը դա կլինի: Իմ կարծիքով՝ Կլոր սեղանի գլխավոր ձեռքբերումը նա էր, որ ինչ-որ հիմնական հարցերի շուրջ եկանք կոնսենսուսի, որ կան այդ խնդիրները, եթե իսկապես առանց օրենքի մեջ փոփոխության կկարողանան լուծել այդ խնդիրը՝ շատ լավ, իսկ եթե չկարողանան՝ օրենքում փոփոխություններ կատարելու հարց կառաջանա, նրանք նույնպես համաձայնեցին, որ եթե կարիք լինի՝ կարվի»,- շեշտեց նա: Գարիկ Պետրոսյանը ընդգծեց, որ քննարկմանը մասնակցելը ժամանակի վատնում չէր, պետք չէ խոսել շարժումը մաշեցնելու մասին: «Շարժումը գաղափարական է և չի կարող մաշեցվել, դա ինձ համար համոզմունք է, միանշանակ՝ ժամանակի կորուստ չէ, մի քանի սկզբունքային հարցերի շուրջ եկանք համաձայնության»,- շեշտեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am
22-11-2017 19:17